Բաժիններ՝

«Այսօրվա իշխանությունները, կառավարության ներկայացուցիչները շատ հաճախ սիրում են ձախ ձեռքով բռնել աջ ականջը. չի՛ ստացվելու». Հրանտ Բագրատյան

«Այս բոլոր փոփոխություններից հետո մեր խնդիրները խորանում են»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է տարբեր օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծի ընդունման պարագայում նշված օրենքի ամբողջական կիրառումն ապահովելու հանգամանքով։

«Անցյալ անգամ ասացի, որ միշտ պետք է համապատասխան ձեռքով բռնել համապատասխան ականջը, այլ ոչ թե թարս բաներ անել։ Դուք կառավարման համակարգ ներմուծում եք մի թարս համակարգ, որը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ»,- հայտարարեց Հ. Բագրատյանը։

Նրա խոսքով՝ դրամաշնորհային վճարը կամ հարկը նույն բաներն են, վճարը կամ հարկը պետական բյուջե պարբերաբար մուծվող անհատույց գումար է. «Եթե խոսքը վերաբերում է հարկին, ուրեմն՝ ինքը պետք է որպես հարկ էլ տնօրինվի, տիրապետվի և օգտագործվի։ Մասնավորապես, ո՞նց կարող է հարկը հավաքի մեկը, բայց  այնտեղ ստեղծվի խորհուրդ, որտեղ Կենտրոնական բանկը ունենա 3 անդամ։ Ի՞նչ գործ ունի Կենտրոնական բանկը հարկերի հետ, ո՞րն է տրամաբանությունը»։

Հ. Բագրատյանի համար անհասկանալի է՝ ինչո՞ւ է երկրին պետք նման օրենքը։ Նա հիշեցրեց իր առաջարկը. «Եկամտային հարկի սանդղակը սահմանեիք 23 տոկոս, ամեն տարի բյուջեն սահմանելիս՝ գրեիք՝ 23 գումարած 2, 3, 1։ Ի՞նչ ներդրումային հիմնադրամ։ Կառավարությունը հայտարարում է, որ ստեղծում է սուվերեն հիմնադրամ երկիրը զարգացնելու համար։ Կառավարությունն անընդհատ այստեղ  նույնիսկ մի փոքր գլուխ է գովել, թե՝ ես սա անելու եմ։ Հիմա դուք ստեղծում եք մի նման հիմնադրամ, բա նա կաշխատի՞։ Դրա համար ենք ասում՝ այսօրվա իշխանությունները, կառավարության ներկայացուցիչները շատ հաճախ սիրում են ձախ ձեռքով բռնել աջ ականջը. չի ստացվելու։ Կառավարման տեսությունն ունի իր դաժան պահանջները»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս