Բաժիններ՝

«Հատուցման հիմնադրամն ազատվում է օրենքով սահմանված բոլոր տեսակի տուրքերի վճարումից». Վիգեն Սարգսյան

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը, որի օրակարգում է նաև «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին  հարցը։

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց մի շարք օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որի  անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծի ընդունման պարագայում նշված օրենքի ամբողջական կիրառումն ապահովելու հանգամանքով։

Նախարարը նշեց, որ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծով առաջարկվում է՝ որպես պետական բյուջեի հարկային եկամուտների աղբյուր ներառել նաև դրոշմանշային վճարները։ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագծով սահմանում է, որ հատուցման հիմնադրամի միջոցների վրա չի կարող  տարածվել բռնագանձում, կիրառվել արգելանք, բացառությամբ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասներից, ինչպես նաև՝ աշխատավարձի ու դրան հավասարեցված միջոցներից բխող պահանջների վարկային փոխառության պայմանագրերով հիմնադրամի կողմից թողարկված արժեթղթերով պարտավորությունների, ինչպես նաև շահառուների պահանջներին։

««Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծով առաջարկվում է՝ որպես եկամտային հարկից նվազեցվող եկամուտ համարել նաև շահառուներին վճարվող հատուցման գումարները։  «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագծով առաջարկվում է՝ որպես պետական հարկի տեսակ ներառել նաև դրոշմանիշային վճարը։ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծով սահմանվում է, որ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի իրավական կարգավիճակի, հիմնադրման, կառավարման մարմինների, կանոնադրության, հիմնադրամի և վերջինիս կառավարման մարմինների իրավունքների և պարտականությունների, հիմնադրամի լուծարման, հիմնադրամի միջոցների, այդ թվում՝ վարչական և կառավարչական ծախսերի առանձնահատկությունները սահմանվում են ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին ՀՀ օրենքով»,- ներկայացրեց նախարարը։

Նա նաև նշեց, որ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծով սահմանվում է, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին ՀՀ օրենքի հիման վրա ստեղծված հատուցման հիմնադրամի կողմից շահութահարկ չի վճարվում, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծով էլ սահմանվում է, որ հատուցման հիմնադրամն ազատվում է օրենքով սահմանված բոլոր տեսակի տուրքերի վճարումից։

««Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծով սահմանվում է, որ հատուցման հիմնադրամի կողմից շահառուների անձնական տեղեկատվությունների հրապարակելը չի համարվում օրենքով սահմանված անձնական տվյալների հրապարակում։ «Սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծով սահմանվում է, որ հատուցման հիմնադրամը չի կարող հանդես գալ՝ որպես օրենքով սահմանված սնանկության  վարույթի պարտապան»,- նշեց նախարարը։

Վ. Սարգսյանի խոսքով՝ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համակարգի շրջանակներում  կապահովվի ՀՀ պաշտպանության ժամանակ զիծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին ՀՀ օրենքի կիրառումը և օրենսդրական կարգավորումների միասնականությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս