Բաժիններ՝

«Գնված ապրանքը ենթակա է նաև վերադարձի». «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ հստակ սահմանվել է նաև պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը 14 օրվա ընթացքում վերադարձնելու սպառողի իրավունքը: Համաձայն փոփոխության` սպառողն իրավունք ունի վերադարձնելու կամ փոխարինելու պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով այն վաճառողի մոտ, որից ձեռք է բերել ապրանքը, կամ վաճառողի կողմից հայտարարված այլ վայրում:

Հիշեցնենց, որ նախկինում սահմանվում էր սպառողի` ապրանքը փոխանակելու իրավունքը, իսկ վերադարձը միայն այն դեպքում, երբ բացակայում էր նմանօրինակ ապրանքը, իսկ նմանօրինակ ապրանքի առկայությունը հաճախ տարընկալման առիթ էր հանդիսանում և արդյունքում շատ տնտեսվարողներ անգամ բացահայտ հայտարարում  էին, որ  իրենք իրականցնում են միայն փոխանակում` վերադարձ չեն իրականացնում:

Նոր խմբագրությամբ բացը լրացվել է` սպառողն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ որակի ապրանքն իրեն հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել:

Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում կամ վերադարձվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկանիշները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը կամ այլ հաշվարկային փաստաթուղթ, և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ:

Այդուհանդերձ իրացման ցանցում դեռևս առկա են վահանակներ, որոնք հակասում են օրենսդրության պահանջներին` «Գնված ապրանքը հետ չի ընդունվում» կամ «Գնված ապրանքը ենթակա է միայն փոխանակման» բովանդակությամբ:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն հորդորում է տնտեսվարող սուբյեկներին գործունեություն ծավալել՝ ելնելով օրենքի պահանջներից:

Օրենքի պահանջի վերաբերյալ տնտեսվարողները ծանուցվել են ինչպես շրջայցերի, այնպես էլ էլ. փոստերին ուղարկված համապատասխան նամակների միջոցով:

Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին ապրանքի վերադարձի կամ փոխանակման ընթացքում դժվարությունների բախվելիս ահազանգել Կազմակերպությանը +37410 430 930 հեռախոսահամարով: Կազմակերպությունը պատրաստակամ է համատեղ իրացնելու սպառողի` ապրանքը վերադարձնելու կամ փոխանակելու իրավունքը:

Իրազեկ և պաշտպանված սպառող հ/կ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս