Բաժիններ՝

«Նման գործողությունները լրագրողական համայնքի կողմից պետք է դաժանաբար, խստորեն դատապարտվեն»

«Իմ 30-ամյա լրագրողական գործունեության ընթացքում նման դեպք չի եղել, շմայսների, թոխմախների, մյուսների արարքները սրա մոտ ընդամենը հաճոյախոսություններ են, ուղղակի զուգահեռներ հնարավոր չէ անցկացնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝ անդրադառնալով օրերս Ազգային ժողովում իր թերթի լրագրողի և պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի միջև տեղի ունեցած միջադեպին։

Հիշեցնենք, որ լրագրող Վահե Մակարյանը պնդում է, որ խորհրդարանում հարցազրույցից հետո պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հունից դուրս է եկել, հրավիրել է իրեն առանձնազրույցի, որի ժամանակ նա հարվածել է այնպես, որ իր աչքի տակ այտուց է առաջացել։ Պատգամավորն իր հերթին՝ պնդում է, որ դիմացինը «լրագրող չի եղել, խուլիգան է եղել», սակայն նա չի հերքում, որ հարվածել է լրագրողին։

Ըստ Ա. Օհանյանի՝ սա ուղղված է նրան, որ դաշտում միայն մնան հաճելի հարցեր տվող լրագրողները. «Սա լրագրողներին վախեցնելու, նրանց զսպելու, զսպաշապիկ հագցնելու մի աննախադեպ փորձ է։ Մեծ մտավախաություն ունեմ, որ սա շատ վատ ազդեցություն է ունենալու մեր աշխատանքի վրա, առանց այն էլ, մեր բոլոր լրագրողների մեջ նստած է այդ գրաքննիչը, կաշկանդվածություն կա։ Նման գործողությունները լրագրողական համայնքի կողմից պետք է դաժանաբար, խստորեն դատապարտվեն»։

Ասուլիսին ներկա, NewsBook լրատվական կայքի գլխավոր խմբագիր Գոհար Վեզիրյանի գնահատմամբ էլ՝ լրագրողական համայնքի արձագանքը տեղի ունեցածին շատ չեզոք էր, «վախվորած». «Անձնական, սուբյեկտիվ գործոններով պայմանավորված՝ լռության քող ստեղծվեց: Մինչդեռ, եթե դա Շմայսը, Թոխմախը, լիսկաները և մնացած այդ կարգի մարդիկ արած լինեին, ռեզոնանսը բոլորովին այլ էր լինելու»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ կոչ արեց լրագրողական համայնքին՝ միասնական հայտարարություն անել. «Ռուբեն Հակոբյանը պատմության մեջ կմնա՝ որպես լրագրողին ծեծող, բոլորը կհիշեն դա, սա ավելին է, քան լրագրողների ներողություն խնդրելու պահանջն է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս