Բաժիններ՝

ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են ռազմագերի Արսեն Բաղդասարյանին

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են դեռեւս 2014-ի դեկտեմբերի 26-ից Ադրբեջանում գերի պահվող ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին։

Ինչպես հայտնել է ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահ Հուսեյնովը, այցը տեղի է ունեցել մի քանի օր առաջ։
ԿԽՄԿ-ի աշխատակիցների միջոցով Արսեն Բաղդասարյանն ու նրա ընտանիքը տեղեկություններ են փոխանակել։

ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանը գերեվարվել էր 2014 թվականի դեկտեմբեր 26-ին: 2015 թվականի մայիսին Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանը նրան դատապարտել էր 15 տարվա ազատազրկման՝ դիվերսիոն գործողություններ կատարելու մեղադրանքով:

Ավելի վաղ ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել այն մասին, որ ԼՂՀ ՊԲ-ի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, ինչի ընթացքում էլ Արսեն Էդուարդի Բաղդասարյանը ձերբակալվել է։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ պնդումները` տեղեկացնելով, որ լինելով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող՝ Բաղդասարյանը պարբերաբար ինքնակամ լքել էր մշտական տեղակայման վայրը, ինչի համար ժամանակավորապես հեռացված էր եղել ծառայությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս