Ոստիկանները մասնակցել են «Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքար» թեմայով սեմինարի
ՀՀ ոստիկանության կրթահամալիրում դեկտեմբերի 8-ին իր աշխատանքն է սկսել «Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքար» թեմայով սեմինարը։
«2014 թվականին Հայաստանի Հանրապետության հետ ստորագրված Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության եռամյա գործողությունների ծրագրի շրջանակներում՝ դեկտեմբերի 5-ից ոստիկանության կրթահամալիրում իր աշխատանքը սկսեց «Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքար» թեմայով սեմինարը, որի անցկացման նպատակով Երևան էին ժամանել Լեհաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանման փորձագետները:
Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին մասնավորապես՝ Եվրոպական Միության թմրամիջոցների ինչպես օրինական, այնպես էլ ապօրինի շրջանառության ռազմավարությանը և գործողությունների ծրագրերին, Լեհաստանի թմրամիջոցների հակազդման ազգային ծրագրին, ոլորտը կարգավորող իրավական ակտերին:
Սեմինարի ավարտին մասնակիցներին տրվեցին ավարտական հավաստագրեր: Դեկտեմբերի 8-ին ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանի մոտ կայացավ ամփոփիչ հանդիպումը:
Տիգրան Եսայանը շնորհակալություն հայտնեց լեհ գործընկերներին՝ ՀՀ ոստիկանության ծառայողներին իրենց փորձը հաղորդելու համար՝ նշելով, որ անդրազգային հանցավորության այս տեսակի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը խիստ կարևոր է և պետք է իրականացվի փորձի փոխանակման, ժամանակակից մեթոդների ներդրման և մասնագետների վերապատրաստման միջոցով:
Լեհական պատվիրակության ղեկավար Վալդեմար Կրավչուկը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և բարձր գնահատեց այս տարվա ընթացքում Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության գործողությունների ծրագրով ՀՀ ոստիկանության կողմից իրականացված զգալի աշխատանքները և հույս հայտնեց, որ նման արդյունավետությամբ աշխատանքները կշարունակվեն նաև 2017 թվականին»: