«Կոչ և պարտադրանք է հարկավոր, որ խնդիրը շարժվի իր այսօրվա մեռյալ վիճակից»

«Մենք գտնում ենք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի հետ կապված՝ ԵԱՀԿ-ն պետք է հասցեական դիրքորոշում հայտնի հրադադարի ռեժիմի խախտման բոլոր դեպքերի հետ կապված»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հայտարարությունը Համբուրգում ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի հանդիպման ժամանակ, որ հրադադարի ռեժիմի ամրապնդումն անհետաձգելի է, և պետք է շարունակել պատշաճ բանակցություններ վարել կարգավորման հասնելու համար:

Ըստ նրա` հրադադարի ռեժիմի խախտման մեխանիզմների ներդրման մասին պայմանավորվածությունը եղել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պյյմանավորվածությունների շրջանակներում: Ա.Զաքարյանի խոսքով` մեխանիզմները պետք է ուժեղացվեն և գործուն դարձվեն: Նրա կարծիքով` հենց ադրբեջանական կողմի ոչ կառուցողական հայտարարությունների ֆոնի վրա ավելի հստակ է, որ ԵԱՀԿ-ն` որպես անվտանգություն ապահովող կառույց, մեծ անելիք ունի:

Ա.Զաքարյանը նշեց, որ ուժի դիրքից խնդրին պատրաստ լինելը մեր քաղաքականության մի մասն է, բայց դա չի նշանակում ԼՂ կողմից ագրեսիվ գործողությունների կիրառում, այլ ուժի դիրքերից հանդես գալը միայն պաշտպանական բնույթ ունի. «Համարժեք ուժ մենք միշտ ցուցադրել, ցուցադրում և ցուցադրելու ենք: Բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ ուժի կիրառումը խնդրի լուծում չի կարող լինել, և մեզ անհրաժեշտ են միջնորդական ջանքեր, պրոֆեսիոնալ միջնորդություն, որը ԵԱՀԿ-ից լավ ոչ ոք չի կարող անել: Մենք կոչ ենք անում` ավելացնել ջանքերը և դարձնել հասցեական»:

Ա.Զաքարյանը կարևորեց, որ Համբուրգում ԵԱՀԿ տարեկան գագաթաժողովի ընթացքում Ադրբեջանին կոչ արվի չխոչընդոտել հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմների ներդրմանը, որը կարող է իրական երաշխիք լինել խնդրի կարգավորման հետագա փուլերի, հասարակությունների միջև վստահության ձևավորման համար:

Կարդացեք նաև

168.am-ի հարցին, թե միայն կոչը բավարա՞ր է, Ա.Զաքարյանը պատասխանեց. «Կոչ և պարտադրանք է հարկավոր, որ խնդիրը շարժվի իր այսօրվա մեռյալ վիճակից: Պարտադրանքը կարող է լինել քաղաքական` Ադրբեջանին միջազգային հարթակներում մեկուսացման ենթարկելով, Ադրբեջանի կեղծ և շինծու հայտարարություններին ընթացք չտալով, կոչ բոլոր միջազգային կառույցներին՝ միանալ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և Ադրբեջանին պարտադրել ընդունել, ոչ թե ձախողել, մեխանիզմների տեղադրումը: Կան կազմակերպություններ, որ պատրաստ են նաև տեխնիկական աջակցություն ցուցաբերել»:

Տեսանյութեր

Լրահոս