Բաժիններ՝

Պաշտպանության նախարարը դեմ է 27 տարին լրացած անձանց կողմից վճարելու դեպքում՝ զինվորական ծառայությունից ազատվելուն

«Տիկին Նաղդալյան, խնդրում եմ՝ իմ ելույթներից հետո մեկնաբանություններ մի արեք, եթե ես կանոնակարգ չեմ խախտել»,- այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նախքան հարցը հնչեցնելն ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ դիմելով ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին։

ԱԺ փոխխոսնակն էլ հորդորեց կանոնակարգով իրեն վերապահված իրավունքները չոտնահարել։ «Դուք անգամ հիմա իմ հորդորը չլսեցիք, ես Ձեզ ընդամենը խնդրում եմ՝ իմ հայտարարությունները, խոսքը մի մեկնաբանեք»,- ասաց Ա. Մանուկյանը։

Պատգամավորը պաշտպանության ոլորտի վերաբերյալ հարցով դիմեց կառավարությանը. «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքն ասում է, որ այն մարդիկ, ովքեր, 27-ը լրացել է, ՀՀ օրենքով մուծում են անում պետբյուջե և դուրս են գալիս հետախուզումից։ 3 զինակոչ է արդեն՝ ՀՀ կառավարությունը չի ներկայացրել ԱԺ՝ ժամկետները երկարաձգելու օրենքի նախագիծը։ Մեծերից մեկն ասում էր՝ փողի վրա նստած, փող եք ման գալիս, ես արդեն որերորդ անգամ ասում եմ ձեզ փող վաստակելու օրենքով ճանապարհը, ինչո՞ւ չեք անում, կամ էլ այս օրենքը հանեք, սա մի տեսակ գին է փախուստի համար, բայց մարդիկ ասում են՝ կիրառել օրենքը։ 3 զինակոչ չկիրառելու արդյունքում՝ շատ լուրջ քանակ կա, որ սպասում են այս որոշման երկրաձգմանը։ Եթե կիրառվելու է, եկեք դա կիրառենք մինչև նոր տարի,  էլ չեմ ասում՝ բյուջեն գումար կգա, նաև հարյուրավոր մարդիկ  կկարողանան նոր տարին անցկացնել իրենց տանը»։

Ի պատասխան՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց, որ որպես Պաշտպանության նախարար՝ կտրականապես դեմ է այս լուծմանը,  համարում է, որ սահմանված կարգով  զինծառայությունը պետք է անցնել, այլ ոչ թե՝ դրա չանցնելու դիմաց վճարել։

«Որպես կառավարության անդամ՝ հարգում եմ ԱԺ-ի կողմից ժամանակին ընդունված օրենքը, իմ տեղեկատվությամբ, որը ես կստուգեմ ու ձեզ կտեղեկացնեմ,  այս պահին օրենքն ուժի մեջ է, մենք դա երկարացնում ենք, երբ ավարտվում է դրա կիրառման ժամկետը։ Բոլոր դեպքերում վերջերս եղել է հերթական նիստը, որի ժամանակ մարդկանց հերթական խումբը ստացել է տարկետում, միջոցները, որ ստացվում են այդ ծրագրից, շատ հստակ և թափանցիկ երևում են, դրանք չեն կազմում շատ մեծ դրամական աջակցություն ռազմական խնդիրները լուծելու համար։

Արդյոք շարունակելո՞ւ ենք, թե՞ ոչ, անպայման լրացուցիչ ուսումնասիրելուց հետո կզեկուցեմ  վարչապետին, կառավարությունում կքննարկենք, ՀՀ նախագահի հետ քննարկելով, եթե դադարել է օրենքի գործունեությունը, կբերենք՝ երկարացնելու միջնորդություն, եթե նման քաղաքական որոշում լինի։ Ինչի՞ եմ, դեմ, համարում եմ՝ դա լուծում չէ, որովհետև իրականում դա, իմ կարծիքով՝ խթանում է այն մարդկանց մղումները, որ մտածում են՝ դուրս գան երկրից, մի քանի տարի դրսում լինեն, կվերադառնանք՝ փողը կվճարենք։ Որպես Պաշտպանության նախարար՝ չեմ կարող ոգևորությամբ  վերաբերվել դրան»,- ասաց նախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս