Կարեն Կարապետյանը ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության զարգացման հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ՀՀ-ում ԱԶԲ գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալի գլխավորությամբ:
Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության և տարբեր ոլորտներում բազմաթիվ արդյունավետ ծրագրերի իրականացման կապակցությամբ: Անդրադառնալով կառավարության գործունեության առաջնահերթություններին՝ վարչապետը մանրամասներ է ներկայացրել պետական կառավարման համակարգի բարեփոխումների, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծման վերաբերյալ և կարևորել այդ գործընթացներում ԱԶԲ հնարավոր ներգրավումը:
Շեյն Ռոզենթալը բարձր է գնահատել Հայաստանի հետ փոխգործակցությունը՝ նշելով, որ ԱԶԲ-ն ճկուն է իր ծրագրերում ու պատրաստ է ոչ միայն շարունակել աջակցությունը համատեղ նախաձեռնություններին, այլև ուսումնասիրել առկա կարիքները և օժանդակել ՀՀ կառավարության ծրագրով նախանշված առաջնահերթությունները կյանքի կոչելու գործում:
Զրուցակիցները քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման, մասնավոր հատվածին աջակցության ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքին, ինչպես նաև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Վարչապետը կարևորել է պետություն-մասնավոր հատված գործընկերության հիման վրա ծրագրերի նախաձեռնումը, որոնք կխթանեն բիզնեսի զարգացումը և հանձնարարել պատասխանատուներին՝ ԱԶԲ հետ մանրամասն քննարկել հետագա անելիքները: