ՀՅԴ-ն ընտրություններին մասնակցելու է միայնակ

Հայ հեղափոխական դաշնակցությունը հաջորդ տարի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին միայնակ է մասնակցելու: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Միշտ էդպես է եղել և ինչ-որ նոր բան չկա, որ մեզ ստիպի գնալ դաշինքով: Բայց դա հետագայում կերևա, որովհետև քանի մի քիչ ժամանակ կա, դեռ հայտնի չի ընդհանրապես, թե ով է հայտ ներկայացնելու, ինչ ծրագրերով, ովքեր են խաղի մեջ մտնելու, դրա մասին խոսելը վաղ է»,- ասաց նա:

168.am-ի հարցին, թե ՀՀԿ-ի հետ համագործակցությունը չի՞ շարունակվելու ընտրական ձևաաչափով, Ա.Ռուստամյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ի հետ համագործակցությունը կապված չէ ո՛չ ընտրությունների, ո՛չ էլ կառավարության ձևավորման գործընթացի հետ.

«Մենք այդ համագործակցության մասին հայտարարել ենք` նպատակները հռչակելով, և այդ նպատակների շուրջ է համագործակցությունը, կապված չէ որևէ այլ ձևաչափի հետ:

Համագործակցության մեջ ժամկետներ չկան, ընդհանուր տրամաբանությունը վերաբերում է հիմնականում սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու պրոցեսներին, իսկ սա մեծ գործընթաց է, որ պետք է տեղի ունենա արդեն հստակ ժամանակահատվածներով, որոնք ամրագրված են Սահմանադրության անցումային դրույթներում»: Մեր հարցին` ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու հարց չի՞ քննարկվել, Ա.Ռուստամյանը պատասխանեց. «Ընտրական դաշինքի հարց չի քննարկվել»:

Կարդացեք նաև

Նա ուրախություն հայտնեց, որ ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանկյանը ցանկանում է ընտրություններին որպես դիտորդ մասնակցել, և վստահություն հայտնեց, որ նա ականատես կլինի աննախադեպ ընտրությունների, քանի որ իշխանությունների վերարտադրման մեխանիզմների հետ կապված բոլոր խնդիրներն արմատախիլ են արվել, և այսօր իսկապես մի ընտրական համակարգ է ներդրվել, որի դեպքում կարող է ընտրություններն անցնեն թե՛ այնպես, որ իշխանությունները վերընտրվեն, ոչ թե վերարտադրվեն, և թե՛ այնպես, որ ընդդիմությունը կարողանա հաջողել ընտրություններում և իշխանափոխություն իրականացնել.

«Բոլոր էդ կեղծիքների դռները, որ մինչև հիմա բաց էին և հիմնականում կատարվում էր բազմակի քվեարկությունների միջոցով, տարբեր ձևերով, դրանց դեմն առնող մեխանիզմներ ենք մենք արձանագրել, և այս ընտրություններն իսկապես աննախադեպ են լինելու: Բացի դրանից, մենք ուղղակի ընդդիմության համար արձանագրել ենք նվազագույն մանդատների քանակը, որը երբեք չի եղել Հայաստանի անցած բոլոր ընտրություններում»:

Ըստ նրա` դա զսպելու է իշխանություններին, չի լինելու այսօրվա նախագահի լիազորությունն ունեցող անձ, իշխանության 3 ճյուղերը` դատական, օրենսդիր և գործադիր, տարանջատված են լինելու, ընտրություններն էլ հնարավորություն են տալու ձևավորել իրար հակակշռող ընդդիմություն և իշխանություն:

Մեր հարցին, թե ՀՅԴ-ն որքա՞ն տեղ կստանա ապագա խորհրդարանում, խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Դա բոլորովին կարևոր չի: Դաշնակցությունն ինչքան տեղ կունենա, դա մեր աշխատանքից է կախված լինելու, բայց դա չէ խնդիրը: Խնդիրն այն է, որ նոր խորհրդարանը նոր որակ է հաղորդելու մեր երկրի զարգացմանը»: Նա չհստակեցրեց՝ ՀՅԴ-ն որպես ընդդիմությո՞ւն, թե՞ իշխանություն է ներկայանալու ընտրություններում. «Մենք որպես Դաշնակցություն ենք ներկայանալու: Դաշնակցությունն ընդդիմություն լինի, իշխանություն լինի, նույնն է, չեք տեսե՞լ մինչև հիմա»:

Ա.Ռուստամյանը վստահեցրեց, որ 2017 թ. ընտրություններից հետո ունենալու ենք լրիվ նոր Հայաստան, և որքան լայն ներկայացված լինի ՀՅԴ-ն խորհրդարանում, այնքան փոփոխություններն արագ կլինեն: Արդյոք ՀՅԴ-ն ռեսուրս ունի՞ ՀՀԿ-ի քրեաօլիգարխիայի դեմ պայքարելու համար։

Այս հարցին ի պատասխան՝ Ա.Ռուստամյանը նշեց, որ իրենց ռեսուրսը ժողովուրդն է, և խնդիրն անձերի հետ չպետք է պայմանավորել, ստեղծվում է մի համակարգ, որ բոլորին իր տեղն է դնելու.

«Կոշկակարը չի կարող գալ վիրաբուժություն անել»: Նա «աննորմալ» վիճակ անվանեց այն, որ ժողովրդի 80%-ը դժգոհում է ՀՀԿ-ից, բայց 80%-ը ձայն է տալիս ՀՀԿ-ին, և հավաստիացրեց, որ դրա փոփոխման հիմքերը ստեղծվել են. «Հայաստանը դառնալու է ժողովրդավար երկիր, և ամեն մեկի ձայները համապատասխանելու են իր վարկանիշին»:

Տեսանյութեր

Լրահոս