«Գագիկ Ծառուկյանի վերադարձի հետ կապված պրոբլեմ չենք տեսնում». Արմեն Ռուստամյան
«Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, և պարոն Ծառուկյանը կարող է վերադառնալ ցանկացած ժամանակ: Ովքեր են վալերիանկա խմում, թող դա իրենք որոշեն, թե ինչու են այդ պատճառով վալերիանկա խմելու: Դա իրենց գործն է: Իսկ մենք փորձ ունենք համագործակցելու բոլորի հետ, այդ թվում` պարոն Ծառուկյանի: Պրոբլեմ չենք տեսնում իր վերադարձի հետ կապված»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` մեկնաբանելով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձի մասին հայտարարությունները:
Ըստ նրա` բոլոր նրանք, ովքեր ունակ են, կարող են ազդել քաղաքական պրոցեսների վրա, ավելի լավ է հրապարակ գան, քան մնան ստվերում:
Ա.Ռուստամյանի կարծիքով` Ծառուկյանի վերադարձի համար Սերժ Սարգսյանի թույլտվության կարիքը չկա. «Ես կարծում եմ` մենք պետք է անցած համարենք այն էտապը, երբ որևէ մեկը որևէ տեղ գնալու համար որևէ մեկից թույլտվություն պետք է խնդրի: Ես համարում եմ սա մեր մեծ ձեռքբերումը, որ ցանկացած քաղաքական գործիչ, ցանկացած քաղաքական ուժ իր անելիքները պետք է ազատորեն որոշի: Տվյալ դեպքում դա վերաբերում է նաև Գագիկ Ծառուկյանին: Ինքը պետք է որոշի՝ որևէ ճնշումներից զերծ պայմաններում: Սա շատ ավելի կարևոր նվաճում է: Ինչ եղել է մինչ հիմա, թող ամեն մեկն ինքը իր հայտարարության համար պատասխան տա: Մարդիկ պետք է իրենց հայտարարությունների տերը լինեն: ՀՅԴ տեսակետը նույնն է, և երբեք մի հայտարությունը չի հակասում հաջորդին»:
Հարցին, թե ՀՅԴ-ի վերաբերմունքը չի՞ փոխվի ՀՀԿ-ի հանդեպ՝ դրա անսկզբունքայնության պատճառով, Ա.Ռուստամյանը պատասխանեց. «Մեր վերաբերմունքը ՀՀԿ-ի նկատմամբ չի կարող փոխվել այս կամ այն անձի որոշումով, որ գալիս է քաղաքական դաշտ, թե ոչ, որովհետև մենք մեր վերաբերմունքը ՀՀԿ-ի նկատմամբ ունենք արձանագրված այն նպատակների շուրջ համագործակցության առումով, որ հռչակել ենք»: