Իտալիայի կառավարությունը կարող է գլխավորել նախարարներից մեկը. ԶԼՄ-ներ
Իտալիայի նախարարներից մեկը կարող է ժամանակավորապես գլխավորել Իտալիայի կառավարությունը երկրի վարչապետ Մատեո Ռենցիի հրաժարականից հետո։
Ինչպես հայտնում է Rai News 24 հեռուստաալիքը, հիմնական հավակնորդների թվում են էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Պիեռ Կառլո Պադոանը, մշակութային ժառանգության, մշակութային գործակալության և զբոսաշրջության նախարար Դարիո Ֆրանչեսկինին և ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Գրացիանո Դելրիոն։
Երկրի վարչապետի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար կարող է նշանակվել նաև Սենատի նախագահ Պիետրո Գրասոն։
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին ընդունել է իր պարտությունը խորհրդարանական բարեփոխումների մասին հանրաքվեում և հայտարարել իր հրաժարականի մասին։
Հիշեցնենք, որ երեկ Իտալիայում անցկացվում էր համազգային հանրաքվե Սենատի բարեփոխման վերաբերյալ (երկրի խորհրդարանի վերին պալատը), որը նախաձեռնել է ձախ կենտրոնամետ վարչապետ Մատեո Ռենցին։
Ընդդիմությունը ներկայում պնդում է խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել։