Բաժիններ՝

«Այլևս լեյտենանտի զինվորական կոչումը կտրվի ինտերնատուրան ավարտելուց հետո». փոխնախարար

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծի հիմնական զեկուցող, Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն ասաց, որ օրինագիծը նպատակ ունի ապահովել պատշաճ կադրային քաղաքականության ապահովումը զինվորական ծառայության կազմակերպման գործընթացում։

Նրա խոսքով՝ այս օրինագծով հստակեցվում են ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններում սովորող զինծառայողների  ուսումնառության  ժամկետները և նրանց լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու  կարգը, ինչպես նաև զինծառայողի կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում պարտավորության չկատարման համար ծագող իրավական հետևանքը։

«Մենք ունենք ռազմաբժշկական ֆակուլտետ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում, երբ նրանց հետ պայմանագիր է կնքվում, որ որպես կուրսանտներ սովորեն ռազմաբժշկական ֆակուլտետում, ծախսերի փոխհատուցումն իր վրա վերցնում է Պաշտպանության նախարարությունը։ Ունենք դեպքեր, որ տվյալ ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողներն ավարտում են բակալավրը, այնուհետև՝ մագիստրատուրան, որից հետո գործող օրենքով նրանց շնորհվում է լեյտենանտի կոչում, և ինտերնատուրա ընդունվելուց քննությունները չեն հանձնում տարբեր պատճառներով։

Ստացվում է մի կազուսային վիճակ, երբ նա՝  որպես մասնագետ, կարող է միայն ինտերնատուրան ավարտելուց հետո որպես բժիշկ աշխատելու որակավորում ստանալ, մյուս կողմից՝ նա արդեն լեյտենանտ է, նրան չես կարողանում որպես շարքային զորակոչես, և նրան չես կարող զորակոչես որպես լեյտենանտ, որ բժիշկ աշխատի։ Այս օրենսդրական բացը լրացնելու համար մենք ներկայումս սահմանում ենք հետևյալը, որ զինվորական կոչումը կտրվի ինտերնատուրան ավարտելուց հետո»,- նշեց փոխնախարարը։

Նա նաև հայտնեց, որ, եթե կուրսանտը 10 տարիների ընթացքում ավարտում է  և հրաժարվում է ծառայությունից, նա պարտավոր է փոխհատուցել չծառայած տարիների ծախսերը. «Յուրաքանչյուր չծառայած տարվա համար, որպես տուգանք, նա պետք է վճարի 1 միլիոնի կարգի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս