«Հայ ժողովուրդը զզվում է «վոժդիզմից»». Ռուբեն Մեհրաբյան

«ՀՀԿ-ն ոչ թե կուսակցություն է, այլ սուպեր կուսակցություն, հետևաբար, բնական է, որ սուպերկենտրոնացված համակարգն այս որակի վերնաշերտ պետք է ունենար: Սովետից մնացած տոտալիտար պրակտիկաներից այդ կուսակցությունը ոչ միայն չի ձերբազատվել, այլև չի ուզում ձերբազատվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Քաղաքագետն առաջիկայում պայքար է կանխատեսում՝ ընդդեմ կուսակցապետության.

«Ես շատ եմ ուզում, որ ՀՀԿ-ն տարբերվի «Ենի Ադրբեջանից»: Չփորձեք Հայաստանի վզին փաթաթել մեկ անձի անուն՝ անկախ նրանից՝ ով է նա: Հայ ժողովուրդը զզվում է «վոժդիզմից»: Պետք չէ ամեն ինչ հասցնել դրան, քանի որ մարդկանց խոհանոցներում դաժան անեկդոտներ են պատմվելու, ինչպես պատմվում էին Բրեժնևի օրոք»:

Ինչ վերաբերում է իշխանական համակարգում տեղի ունեցող սերնդափոխությանը, քաղաքագետը դա բնականոն պրոցես է համարում և կարծում է, որ դրա ընթացքում բազմաթիվ բացասական որակներ անցնելու են պատմության գիրկը.

«Ժամանակակից կյանքը ստիպելու է ընթանալ՝ նոր պահանջների ու ստանդարտների համաձայն: Հայաստանն ապրում է գլոբուսի վրա, այլ ոչ թե՝ ակվարիումի մեջ. նոր տենդենցները չեն կարող նրան շրջանցել:

Հայ հասարակությունը բաց հասարակություն է, ու պատմականորեն ստացվել է այնպես, որ հայերի կապն արտաքին աշխարհի հետ շատ խորն է: Նույնիսկ Սովետի ժամանակ ամենաբաց հասարակություններից մեկը հայ հասարակությունն էր, որ ոչ թե «Վրեմյայից» էին իմանում՝ ինչ է Ամերիկան, այլ գիտեին իրենց բարեկամներից: Այնպես որ, այն ռուսական ստանդարտները, որոնք նոր կառավարության գալով էլ պսևդոռենեսանսի տպավորություն են թողնում, ոչ մի լավ տեղ չեն հասցնելու: Դրա տեղը ոչ թե պատմության գիրկն է, այլ պատմության աղբանոցը»:

Տեսանյութեր

Լրահոս