«ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի մեր գործընկերների հետ լավ ենք հասկանում, որ ԼՂ հակամարտությունը կարող է ունենալ միայն խաղաղ լուծում». Սեբաստիան Կուրց
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը (Ավստրիան 2017թ. ստանձնում է ԵԱՀԿ-ում նախագահությունը Գերմանիայից) հարցազրույց է տվել ադրբեջանական Trend գործակալությանը, որտեղ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։
«Դա վճռորոշ շրջան է։ Մենք ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի մեր միջազգային գործընկերների հետ լավ ենք հասկանում, որ այդ հակամարտությունը կարող է ունենալ միայն խաղաղ լուծում։ Այդ պատճառով կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին կենտրոնանալ երկխոսության և դիվանագիտության վրա։
Բանակցային սեղանին կան գաղափարների և առաջարկներ՝ ամրապնդելու վստահությունն ու համագործակցություն ծավալելու համար։ Խաղաղ համաձայնագրի ձեռքբերման շուրջ հետագա բանակցությունների հիմնական բաղադրիչները համաձայնեցվել են նախագահների հետ։
Դրանք այսպես կոչված Մադրիդյան սկզբունքներն են, որոնք ոչ մեծ փոփոխություններով, բանակցային սեղանի վրա են գտնվում արդեն մոտ 10 տարի, այնպես որ, հիմք և կոնկրետ հարցեր քննարկման համար, կան»,- հայտարարել է Կուրցը։
Ավստրիայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Ավստրիան՝ որպես չեզոք երկիր և ԵԱՀԿ համանախագահ երկիր, լիարժեքորեն գիտակցում է իր պատասխանատվությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։
«Չնայած նրան, որ Ավստրիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ չէ, մենք պատրաստ ենք ցուցաբերել օգնություն և ձեռնարկել միջնորդական ջանքեր ԵԱՀԿ-ում մեր նախագահության ընթացքում, ինչպես նաև աջակցել Մինսկի գործընթացի մյուս տարրերին։
Ադրբեջանցիներն ու հայերը կարող են վստահ լինել, որ Ավստրիան պատրաստ է օգնել որոնել այդ հակամարտության խաղաղ լուծմանը՝ առաջարկելով իր չեզոք տարածքը բանակցությունների համար, փորձագիտական երկխոսության, երիտասարդների հանդիպումների կամ ցանկացած այլ տիպի գործունեության համար, որոնք կօգնեն կենտրոնանալ խաղաղության վրա ու բացառել պատերազմի հեռանկարները»,- հավելել է Սեբաստիան Կուրցը։