«Թիվ 27 դպրոցի տնօրենի ապօրինությունները սանձելը Ձեր ուժերից վեր է». Անահիտ Բախշյանը՝ Տարոն Մարգարյանին
Թիվ 27 դպրոցի տնօրենի ապօրինությունների մասին այսօր նամակով դիմեցի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակի բովանդակությունը՝ ստորև.
«Երևանի թ. 27 դպրոցի մասնագիտական աջակցության գծով փոխտնօրեն Գայանե Ավետիսյանը հոկտեմբերի 21-ից ազատվել է աշխատանքից: Նա այդ դպրոցում երկրորդ անգամ նշանակվել էր փոխտնօրենի պաշտոնում ՀՀ կառավարության 14.10.2010 թ. N1391՝ «ՀՀ ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը հաստատելու մասին» որոշման խախտումով:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Երևանի քաղաքապետը «…Վերահսկում է ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, կրթական ծրագրերի իրականացումը` հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան»: Այս դեպքում տվյալ դպրոցի տնօրենի կողմից տեղի է ունեցել նորմատիվ իրավական փաստաթղթին անհամապատասխան գործողություն:
Տնօրենի հրամանով Գայանե Ավետիսյանն արդեն ազատվել է աշխատանքից, սակայն խնդրում եմ պարզաբանել, թե որպես վերահսկողություն իրականացնող պետական մարմին՝ Ձեր կողմից ինչ քայլեր են ձեռնարկվել տվյալ տնօրենին կարգի հրավիրելու և այլ դպրոցներում նման քայլերը կանխելու համար, որոնք կարելի է բացահայտել դպրոցների տարիֆիկացիաները ուսումնասիրելու դեպքում: Արդեն ոչ թե տպավորություն, այլ փաստ է, որ այդ տնօրենի ապօրինությունները սանձելը Ձեր ուժերից վեր է: Խնդրում եմ նաև տեղեկացնել, թե ով է այժմ հրամանագրված թ.27 դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրենի պաշտոնում»:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ