«Թուրքիան ոչ թե հյուր է, այլ Եվրոպայի անբաժանելի մասը». Էրդողան
Թուրքիան ոչ թե հյուր է, այլ Եվրոպայի անբաժանելի մասը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում՝ նահանգների ղեկավարների խմբի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
«Մենք ոչ թե հյուր ենք Եվրոպայում, այլ մայրցամաքի անբաժանելի մասը»,- ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ եվրոպական երկրներին չի հաջողվի Թուրքիային հեռացնել Եվրոպայից։
«Միակողմանի քայլերի շրջանը մնացել է հետևում։ Բոլոր քայլերը ձեռնարկվելու են փոխադարձ կերպով։ Ո՛չ ԵՄ կառույցները, ո՛չ եվրոպական երկրները, որոնք գտնվում են քսենոֆոբիայի ազդեցության տակ, չեն կարող Թուրքիային դուրս հանել Եվրոպայից»,- հայտարարել է նա։
«Թուրքիան պատրաստ է դառնալ ԵՄ լիիրավ անդամ, եթե Եվրամիության ղեկավարությունը հրաժարվի երկակի ստանդարտների քաղաքականությունից»,- նշել է Էրդողանը։
Էրդողանը նշել է, թե Անկարան հոգնել է պատասխան սպասել ԵՄ-ից։
Նրա խոսքով՝ եթե անիմաստ թշնամանքն ու Թուրքիայի նկատմամբ «երկակի ստանդարտների» քաղաքականությունը մոռացվեն, ապա Անկարան արդեն վաղը պատրաստ կլինի մտնել ԵՄ-ի կազմի մեջ։