Կարեն Կարապետյանը հանձնարարեց ուսումնասիրել դեղերի շուկան և խստացնել վերահսկողությունը
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին հանձնարարեց ուսումնասիրել դեղերի շուկան և խստացնել վերահսկողությունը:
Ըստ նրա` կեղծված և նմանակված դեղերի շրջանառությունը բացասական ազդեցություն կարող է ունենալ հանրապետությունում դեղագործության ճյուղի զարգացման և շուկայում մրցակցային հարաբերությունների վրա: Նախարարը հաշվետվությունը կառավարության աշխատակազմ պետք է ներկայացնի 2 շաբաթում, այդ թվում` անհրաժեշտ քայլերի իրականացման ժամանակացույցը:
Կ.Կարապետյանը ևս մի հանձնարարություն տվեց առողջապահության նախարարին` մշակել և 20-օրյա ժամկետում ներկայացնել համապատասխան օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որով կկարգավորվի բժշկական էթիկայի նորմերի հաստատման, կիրառման և այդ նորմերի համար պատասախանատվության ենթարկելու հարաբերությունները: Նրա խոսքով` պետք է բարելավել բուժհաստատություններում մատուցվող ծառայությունների որակը, բուժաշխատող-պացիենտ հարաբերություններում բարձրացնել վստահությունը, ձևավորել հարգանքի ու հոգատարության մթնոլորտ:
Վարչապետը նաև հանձնարարեց եռամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկ, որպեսզի պետպատվեր իրականացնող հաստատություններում բուժաշխատողների անհատական գնահատման համակարգ ներդրվի, որի արդյունքում նաև բուժաշխատողներին խրախուսանքի միջոցներ կկիրառվեն: