Կարեն Կարապետյանի հանձնարարականը գլխավոր դատախազին` ընդունել բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողներին
ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջիկայում կընդունի բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողներին: Նման հանձնարարական այսօր կառավարության նիստում տվեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա նշեց, որ մահացածների ծնողները նամակով դիմել են իրեն և գլխավոր դատախազ Ա.Դավթյանի ուշադրությունը հրավիրեց նրանց բողոքի վրա. «Կխնդրեի գլխավոր դատախազին ուշադրություն դարձնել այս հարցին: Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները դիմել են ինձ՝ գրելով, որ վարչապետին հասցեագրված դիմումի լավագույն ընթացքը կհանդիսանա այն, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ընդունելություն կազմակերպվի:
Նշված մոտեցումն արդարացված է այնքանով, որ ծնողների կողմից բարձրացված խնդիրները վերաբերում են կոնկրետ քրեական գործերին, որոնց մասով հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազությունը»,- ասաց Կ.Կարապետյանը` հավելելով, որ այդ գրությունները, որտեղ նաև նշված են բոլոր այդ ծնողների տվյալները, կփոխանցի գլխավոր դատախազին: