Արծվիկ Մինասյանը թանկարժեք տոմսերով է ճանապարհորդում. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Բնապահպանության նախարարությունը հոկտեմբերի 14-ին Մոսկվայով եւ ետադարձ թռիչքով Լյուքսեմբուրգի մեկ տոմս է ձեռք բերել, որի արժեքը 914 հազար դրամ է կամ մոտ 1750 եվրո: Այդ տոմսով Լյուքսեմբուրգ է թռել նախարար Արծվիկ Մինասյանը:

Մինասյանը, վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, պետք է մասնակցեր Շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության վերաբերյալ Եվրոպական Միության եւ Արևելյան գործընկերության երկրների նախարարների հանդիպմանը: Քանի որ վարչապետի որոշման եւ Ա. Մինասյանի թռիչքի միջեւ ընդամենը 2 օր է մնացել, կարելի է մտածել, որ այդ պատճառով է տոմսն այսքան թանկ ստացվել:

Բայց եթե անգամ մենք Լյուքսեմբուրգ թռչելու համար հենց վաղը փորձենք տոմս ձեռք բերել, այն կարժենա 400-800 եվրո կամ 200-400 հազար դրամ: Իհարկե, կան նաև 1000-2000 եվրոյով հարմարավետ տոմսեր, բայց արդյոք մեր աղքատիկ բյուջեն ընդունա՞կ է նման շռայլության: Ի դեպ, նույն փաստաթղթում նշված է, որ նույն չվերթով գնվել է եւս մեկ տոմս, բայց այն արժեցել է կրկնակի էժան՝ 435 հազար դրամ: Այս տոմսն էլ նախարարության համար հավանաբար գնել է գերատեսչությունների ավիատոմսերի գնումներով զբաղվող «Էկենգ» ընկերությունը, որին այս պարագայում թանկությունը կարծես թե այնքան էլ չի հետաքրքրել»:

 

Տեսանյութեր

Լրահոս