Գտնվել է Ֆիլիպինների դիկտատորի բազմամիլիոնանոց գեղարվեստական հավաքածուն
Կլոդ Մոնեի, Ալֆրեդ Սիսլեյի եւ Ալբեր Մարկեի կորած գործերը, որոնք ենթադրաբար պատկանում էին Ֆիլիպինների դիկտատոր Ֆերդինանդ Մարկոսին եւ նրա կնոջը՝ Իմելդային, հայտնաբերվել են Բրուքլինի մի պահեստում, հաղորդում է Artnet պորտալը:
Բազմամիլիոնանոց հավաքածուն ներառում է 50 նկար: Հավաքածուի տիրապետման իրավունքի համար պայքարում է երեք կողմ. Մարկոսի վարչակարգի շուրջ 10 հազար զոհեր, որոնց ներկայացնում է փաստաբան Ռոբերտ Սվիֆտը, Ֆիլիպինների ներկայիս կառավարությունը եւ Վիլմա Բաուտիստան՝ Իմելդա Մարկոսի նախկին անձնական քարտուղարը, որը պնդում է, թե հավաքածուի ստեղծագործությունները նվեր են տրվել իրեն:
175 կտավներից բաղկացած ամբողջական հավաքածուն, որի սեփականատերն ընտանեկան զույգն էր, ներառում էր Միքելանջելոյի, Բոտիչելլիի, Կանալետոյի գործեր: 1988 թվականին Իմելդա եւ Ֆերդինանդ Մարկոսները մեղադրվեցին ԱՄՆ-ում սեփականության եւ այլ ունեցվածքի թաքուցման մեջ, որը ձեռք է բերվել նրանց կողմից ապօրինի ստացված միջոցներով: Մարկոս ամուսինների կարողությունը գնահատվում է 10 միլիարդ դոլար:
Ֆերդինանդ Մարկոսը Ֆիլիպինները կառավարել է 1965-ից մինչեւ 1986 թվականը: