Արփինե Հովհաննիսյանին հաջորդ ընտրություններից հետո պաշտոն չեն խոստացել
«Դա նշանակում է՝ ներկուսակցական որոշումների կայացման համատեքստում որոշակի պատասխանատվություն: Իսկ եթե ավելի կոնկրետ պատասխան եք ուզում, թույլ տվեք առաջին նիստը կայանա, հետո մանրամասն կպատմեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` խոսելով ՀՀԿ ԳՄ անդամ դառնալու մասին:
Նա հավաստիացրեց, որ իրեն հաջորդ ընտրություններից հետո պաշտոն չեն խոստացել.
«Իհա՛րկե ոչ: Ընդհանրապես, ես կարծում եմ, որ, որևէ մեկին հետագա պաշտոնավարման հետ կապված խոստում ձևակերպումն ինքնին, ոչ այդպիսի ձևաչափ կա, նույնիսկ կոռեկտ չէ, որ այդպիսի բան կարող է հնչել: Նախագահի հայտարարությունը՝ կապված վարչապետի հետ, դա կառավարությանը տրված կամ վարչապետին տրված վստահության քվե էր՝ նաև հետագայում շարունակելու այն բարեփոխումների գիծը, որն այս կառավարությունը վերցրել է իր վրա: Եվ նախագահն ընդամենն ասում էր՝ եթե Հանրապետականը հնարավորություն ունենա ձևավորել կառավարություն, ապա այդ կառավարության վարչապետը կլինի Կարեն Կարապետյանը»:
Ա. Հովհաննիսյանը չհամաձայնեց, որ, ՀՀԿ-ին անդամակցելով՝ վարչապետը կորցրեց իր հեղինակությունը, և իրական բարեփոխումներ պետք չէ ակնկալել: Նրա կարծիքով` առհասարակ տվյալ անձի որոշումն է՝ անդամակցել կուսակցությանը, իսկ այդ մեկնաբանություններն ուղղակի ենթադրությունների կամ մարդկանց կարծիքի դաշտից են: Նախարարը վստահություն հայտնեց, որ ՀՀԿ անդամակցությունը չի կաշկանդի վարչապետին բարեփոխումների ճանապարհին.
«Դուք ինքներդ էլ ընդունում եք, որ կառավարությունը տարբեր գերատեսչությունների մակարդակով իրականում սկսել է մի ընթացք, որտեղ դուք էլ ամեն օր տեսնում եք, որ քայլ առ քայլ ինչ-որ բան է փոխվում: Շատ նախագծեր, չէիք էլ հավատում, որ ինչ-որ տեղ կհասնեն, և այլն: Քայլեր են կատարվում, էդ քայլերի հաջորդականությունը կտեսնեք, գնահատականն էլ հետո կտաք»: