Հայաստանի արտգործնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի բացման արարողությանը
Անտանանարիվուում նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVI-րդ գագաթաժողովի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին կազմակերպության 84 անդամ, ասոցացված և դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ: Հայաստանը գագաթաժողովին ներկայացնում է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Ֆրանկոֆոնիայի բարձրագույն մարմնի հաստատմանն են ներկայացված գագաթաժողովի եզրափակիչ հռչակագիրը, Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևը, «Ջուր, խաղաղություն, անվտանգություն» բանաձևը, «Միջմշակութային երկխոսությունը՝ իբրև կայուն զարգացման գործոն» բանաձևը, առողջապահության ոլորտում ներդրումների, ճանապարհային անվտանգության վերաբերյալ բանաձևեր, մի շարք այլ փաստաթղթեր։
Գագաթաժողովի մեկնարկին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը Սենեգալից անցավ Մադագասկարին։
Գագաթաժողովին նախատեսված է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը։