Ավագանու քննարկմանն են ներկայացվելու 2017թ. Երևանի զարգացման ծրագրի և բյուջեի նախագծերը
Տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։ Նիստի օրակարգում ընդգրկված են եղել «Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2017 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «Երևանի զարգացման 2017 թվականի ծրագրի հաստատման մասին» և «Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի մասին» Երևանի ավագանու որոշումների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքների ամփոփման և համապատասխան նախագծերն ավագանու քննարկմանը ներկայացնելու հարցերը։
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի փոխանցմամբ նոյեմբերի 21-ին կազմակերպված հանրային լսումների ընթացքում տեղի ունեցած քննարկումների արդյունքում վերոնշյալ նախագծերում փոփոխություններ չեն կատարվել:
Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի այսօրվա նիստում խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ որոշել են «Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2017 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», «Երևանի զարգացման 2017 թվականի ծրագրի հաստատման մասին» և «Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշումների նախագծերը սահմանված կարգով ներկայացնել ավագանու քննարկմանը: