«Պարտադիր նորմ չկա, կապ չունի՝ երբ են ծանոթանում, կարող են անդամագրվելուց առաջ էլ ծանոթանալ»
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի խոստովանությունը, որ Նժդեհի գաղափարախոսությանը ծանոթ չէ, առնվազն տարակուսանք հարուցեց հանրության շրջանում։ Առավել ևս, որ Առաքելյանը սկզբում նշել էր, թե գիտի ՀՀԿ-ի գաղափարախոսությունը, և այն իրեն մոտ է։
168.am-ը փորձառու հանրապետականներից հետաքրքրվեց՝ արդյոք մտահոգիչ չէ՞, որ կուսակցությունը համալրելու են անձինք, որոնք Նժդեհի գաղափարախոսությանը ծանոթ չեն, անգամ տեղյակ չեն, որ ՀՀԿ-ի գաղափարախոսությունը նույն Նժդեհի գաղափարախոսությունն է։
ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը հակիրճ պատասխանեց՝ «դե, կծանոթանա, ոչինչ», և անջատեց հեռախոսը։
ՀՀԿ խորհրդի անդամ Համլետ Հարությունյանը խոստացավ պատասխանել համագումարից հետո. «Հլա չգիտեմ՝ ով է ընդունվել, ով չի ընդունվել, վաղը չէ մյուս օրը զանգի, պատասխանեմ»։
ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը միայն մանրամասնեց, թե ընդհանրապես մարդուց է կախված՝ կուսակցությանն անդամակցելուց առա՞ջ, թե՞ հետո պետք է թեկնածուն ծանոթանա Նժդեհի գաղափարախոսությանը։
«Պարտադիր նորմ չկա, կապ չունի՝ երբ են ծանոթանում, կարող են անդամագրվելուց առաջ էլ ծանոթանալ։ Կուսակցության ծրագիրը կարող է մի փոքր այլ լինել, գաղափարախոսությունը՝ այլ, դրանք տարբեր բաներ են։ ՀՀԿ-ն հիմնված է Նժդեհյան գաղափարախոսության վրա, պահպանողական կուսակցություն ենք։
Նժդեհի հատընտիրները պետք է կարդանք՝ ազատագրական շարժումից մինչև Ղարաքիլիսայի ճակատամարտ, որպեսզի Նժդեհի դերակատարումը հասկանանք։
Դրա համար, ես չեմ կարծում, որ էական է՝ սկզբի՞ց, թե՞ հետո կարդալը։ Ես որ Սպիտակում անդամագրում եմ իմ կուսակցական գործընկերներին, ծրագրերից մի-մի օրինակ տալիս ենք, ծանոթանում են, քննարկում ենք, մարդիկ կան՝ սկզբից են ծանոթանում, մարդիկ էլ կան՝ մտնում են կուսակցություն, բայց էդ գաղափարախոսությանը չեն էլ ծանոթանում։ Դա էլ կա»։