Բաժիններ՝

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի բաց նամակը վարչապետ Կարեն Կարապետյանին. «Դուք կարող եք բազմաթիվ կյանքեր փրկել»

«Մեծարգո պարոն վարչապետ, լրագրողական աշխատանքային գործունեությանս ընթացքում լուսաբանել եմ բազմաթիվ ճանապարհատրանսպորտային ավտոպատահարներ, վրաերթեր, որոնց հետեւանքով, ցավոք, եղել են զոհեր եւ վիրավորներ:

Ավտովթարներն ու վրաերթերը հիմնականում լինում են մայրաքաղաքից դուրս` մարզային, համայնքային եւ գյուղական ճանապարհներին: Գաղտնիք չէ, որ շատ դեպքերում մեղավոր են վարորդները, որոնք եղել են ոչ սթափ, չեն ունեցել ավտոմեքենա վարելու իրավունք, ավտոմեքենաներն ունեցել են տեխնիկական անսարքություն եւ այլն:

Սակայն շատ դեպքերում ավտովթարների ու վրաերթերի պատճառը եղել է ճանապարհների անբարեկարգ վիճակը, արտաքին լուսավորության, ճանապարհային նշանների բացակայությունը:

Միայն վերջին մեկ ամսում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի կարգադրությամբ «Հայավտոճան» ընկերության աշխատակիցները տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորությամբ Վայոց ձորի, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ուղղությամբ հսկայական աշխատանքներ են կատարել ժողովրդի կողմից «մահաբեր ոլորաններ ու ճանապարհներ» անունով կնքված հատվածներում` տեղադրելով երկաթբետոնե արգելապատնեշներ, երթեւեկությունը կարգավորող տեղեկատվական ցուցանակներ, կամուրջների հիմնովին վերանորոգումներ:

Աշխատանքները կատարվել են անգամ այնպիսի հատվածներում, որտեղ դեռ ԽՍՀՄ տարիներին էին համապատասխան մարմինները խոստացել վերացնել խոչընդոտները, բայց չէին վերացրել:

Մեծարգո պարոն վարչապետ, Երեւան-Վաղարշապատ ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում գլխավոր մայրուղին նույնպես համարվում է մահաբեր: 300-ից ավելի ավտովթարներ (80 մահ), 100-ից ավելի վրաերթեր եմ լուսաբանել (35 մահ) նշված մայրուղում: Ցավով արձանագրենք, որ այդ հատվածում մահվան դեպքերը հիմնականում եղել են երեկոյան եւ կեսգիշերին: Այդ հատվածում կան դպրոցներ, մանկապարտեզներ, իսկ տրանսպորտային շարժը միշտ ակտիվ է հատկապես ամռանը` կապված զբոսաշրջության, եւ աշնանը` կապված գյուղացիների` տարբեր մարզեր գյուղմթերք տեղափոխելու հանգամանքով: Շատ դեպքեր, այդ թվում` ողբերգական, տեղի չէին ունենա, եթե այդ 2 կմ-անոց ճանապարհն ապահովված լիներ արտաքին լուսավորությամբ:

Մեծարգո Կ. Կարապետյան, Ձեր ուշադրությունը եւ սրտացավությունն անչափ կարեւոր է մեր քաղաքացիների համար: Ուզում ենք, որ Դուք տեղեկացված լինեք եւս մի խնդրի, որը, ինչպես ժողովուրդն է ասում` կոմունիստների թվից, մատնված է անտարբերության:

Վստահ եմ, որ այդ քար անտարբերությանը կարող եք վերջ դնել Դուք: Կխնդրեի, որպեսզի Ձեր անմիջական հանձնարարականով մասնագետներն ուսումնասիրեին խնդիրը եւ գտնեին լուծումներ նշված հատվածում ապահովելով արտաքին լուսավորությունը:

Իսկ դրա արդյունքում բազմաթիվ կյանքեր կփրկվեն եւ ժողովուրդը Ձեր աշխատանքը կգնահատի երախտագիտությամբ:

ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ՀԵՏ…»:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս