«ՀՀ իշխանություններն ամեն ինչում ձախողել են, այդ թվում՝ բարոյական մթնոլորտի առումով»

Մեր զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը

– Պարոն Սարգսյան, խոսակցություններ կան, որ տարբեր դաշինքների ստեղծման շուրջ բանակցություններ եք վարում՝ «Քաղաքացիական պայմանագրի», «Ժառանգության» հետ։ Հոկտեմբերի 27-ին Եռաբլուրում չէիք բացառել ՀԱԿ-ի հետ համագործակցությունը, նաև տեղեկություններ են շրջանառվում, որ «Ազատություն» կուսակցության հետ եք բանակցում։ Ինչպիսի՞ն է իրական վիճակը։

– Ո՛չ ՀԱԿ-ի մասով, ո՛չ «Ազատության» մասով ես չեմ ասել, որ բանակցում եմ, չկա նման բան։ Ես ասել եմ, որ քաղաքական դաշտում բոլոր այն ուժերը, որոնք Մարտի 1-ի հետ կապ չեն ունեցել, կամ դրանից հետո չեն կիսել իշխանության հետ գործունեությունը՝ իշխանության հետ մաս դառնալով, և գաղափարական առումով շատ հեռու չեն մոտեցումները, այդ ուժերի հետ կարող ենք համագործակցել։ Ինչ վերաբերում է՝ ՀԱԿ-ին ընդդիմություն համարո՞ւմ եմ, թե՞ ոչ, ասել էի, որ միանշանակ համարում եմ։ «Ազատություն» կուսակցության մասով հարց չի եղել, որևէ բան չեմ ասել։

– Այսինքն՝ «Ազատության» հետ չե՞ք բանակցում։

– Ընդհանրապես՝ քաղաքական դաշտում այսօր որոշակի միավորման միտումներ կան, և այդ առումով հանդիպումներ են լինում, որոնք շատ հեռու են բանակցություններ կոչվելուց։ Իմ խորին համոզմամբ՝ այսօրվա Հայաստանում ձևավորված քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչում ձախողել են։ Ձախողել են արտաքին քաղաքական հարաբերություններում՝ մաս կազմելով այնպիսի միության, որի անդամները նույնիսկ քառօրյա պատերազմի ժամանակ աջակցեցին մեր հակառակորդին, ոչ թե մեզ, իսկ դա մեր արտաքին քաղաքական կողմնորոշման, այսքան տարիների արտաքին քաղաքական աշխատանքի կոպիտ սխալն էր։ Անհաջողություն են ունեցել տնտեսության մեջ, որտեղ վերջին 3-4 տարում որևէ աշխատատեղ չի բացվել, և գներն օր օրի թանկանում են, և ինչքան էլ ուզում է խոսեն տնտեսական որոշակի աճից, այդ աճը հավանաբար իրենք էլ չեն տեսնում, ուղղակի իրենց հույս տալու համար են ասում։

Չեն հաջողել նաև Ղարաբաղի հիմնահարցում, ռազմական ոլորտում, և ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ խաղաղության այն ժամանակը, ինչ մենք ունեինք, պարզվեց, որ ճիշտ չենք օգտագործել, և այդ ժամանակում ձեռքբերումներ չունենք, որով կարող էինք Ադրբեջանին տանել այն խնդրին, որ իրենք չմտածեին պատերազմի միջոցով խնդիրը լուծելու մասին։ Այս իշխանությունները ձախողել են նաև բարոյական մթնոլորտի առումով, որովհետև այն Ազգային ժողովի պատգամավորները, այն թիմերը, որոնք իրենք ունեն, այն երկխոսությունը, որ կար այս տարիներին, մշտապես տհաճ է եղել հանրության համար, վստահություն չի ներշնչել։ Ավելին՝ սահմանադրական հանրաքվեի ժամանակ իրենք հայտարարեցին, որ դրանից հետո գործող նախագահը որևէ պաշտոն չի ակնկալում ու չի զբաղեցնի, հիմա բացարձակ այլ բան է ասում։ Այնպես որ, սա միանշանակ բարոյականության խախտում է։

Հետևաբար՝ եթե կան մարդիկ, որ այս ուժին՝ Հանրապետականին և Սերժ Սարգսյանին այլընտրանք չեն տեսնում, թող գնան, քվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին։ Մնացածը, ովքեր այլընտրանք են տեսնում, ազատ են քվեարկելու։

Ընդ որում՝ այդ այլընտրանքը հայաստանյան քաղաքական դաշտում փնտրելն այնքան էլ բարդ չէ, թեև այդքան էլ շատ չէ այս առումով։ Կան ուժեր, որոնց ես այլընտրանք տեսնում եմ և որոնց հետ հանդիպում եմ։ Դրանց մեջ չի մտնում ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ «Ազատությունը»։

Ես այդ այլընտրանք ուժերի հետ համագործակցություն տեսնում եմ և տեսնում եմ, որ այդ ուժերը պարտավոր են ներկայացված լինել թե՛ ՀՀ Ազգային ժողովում, թե՛ հետագա իշխանություններում, որ օգուտ և փոփոխություններ կբերեն այս երկրին։ Եվ ես համոզված եմ, որ եկել է փոփոխությունների ժամանակը, և Թրամփը դրա լավագույն օրինակն էր։ Իմ կարծիքով՝ ոչ թե հաղթում են պրագմատիկները, նրանք կա՛մ պարտվում են, կա՛մ համագործակցում են գործող իշխանության հետ, կա՛մ Իվանիշվիլի են փնտրում, այլ հաղթում են հավատավորները, երազողները և թևքերը քշտած պայքարողները։ Ես այդպիսի ուժեր Հայաստանի քաղաքական դաշտում տեսնում եմ, բարեբախտաբար։ Շատ կուզենայի, որ այդ ուժերի հետ համագործակցությունը հաջողվեր, այն լիներ հնարավորինս լայն, և ես տեսնում եմ, որ նման համագործակցության պարագայում լուրջ հաջողության հասնելը հնարավոր է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամի» հաջորդ տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս