«Չեմ բացառում, որ նաև վարչապետ Կարեն Կարապետյանը կանդամակցի ՀՀԿ-ին». Էդուարդ Շարմազանով
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մոտ օրերս դիմում կգրի` ՀՀԿ-ին անդամակցելու համար: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա շատ կարևորեց, որ մեր երկրի առանցքային քաղաքական դեմքերից մեկը որոշում է կայացրել անդամակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Է. Շարմազանովը չբացառեց, որ նաև վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում կգրի:
«Տրամաբանությունը շատ պարզ է` սահմանադրական բարեփոխումներից հետո այլևս քաղաքկանության մեջ կուսակցական գործիչների դերակատարումը պետք է բարձրանա: Եթե դու ուզում ես զբաղվել քաղաքականությամբ, պետք է լինես այս կամ այն կուսակցության անդամ: Եվ շատ կարևոր է, որ պաշտպանության նախարար, իմ լավ ընկեր Վիգեն Սարգսյանը նման որոշում է կայացրել: Նա պարկեշտ, ազնիվ և, ամենակարևորը՝ հայրենասեր և պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ է»,- ասաց Է. Շարմազանովը: