«Պարոն Ջավադյանը լավ տրամադրություն ունի, հիմնադրամ չունե՞ք, Կենտրոնական բանկը կառավարի մի քանի տարի». Կարեն Կարապետյան
Այսօր կառավարության նիստի ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Ըստ նախարարի` մարտական գործողությունների ընթացքում մահացած կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին փոխհատուցման համակարգը, էական աջակցություն ցուցաբերելով զինծառայողներին և իրենց ընտանիքի անդամներին, ունի նաև թույլ կողմեր, որոնք առավել ակնհայտ են դառնում սթրեսային իրավիճակներում: Մասնավորապես, 2016թ. ապրիլ ամսվա դեպքերը ցույց տվեցին, որ ծավալուն մարտական գործողություններ սկսվելու պարագայում, դրա արդյունքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասները միայն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ամբողջ ծավալով հատուցելը խնդրահարույց է, և դրա համար անհրաժեշտ են ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ:
Ապրիլյան դեպքերից տուժած զինծառայողներին աջակցելու նպատակով հավաքագրվել են զգալի ծավալով դրամական միջոցներ` Հայաստանի և սփյուռքի հասարակության տարբեր շերտերից ստացված դրամաշնորհների և նվիրաբերությունների հաշվին:
Վ.Սարգսյանը նշեց, որ առաջարկվում է ներդնել հատուցման հատուկ համակարգ, որն իր մեջ կներառի և կհամախմբի պետական և սոցիալական աջակցության տարրերը, իսկ համակարգի հենասյունն է լինելու իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող հատուկ հիմնադրամը, որը կկառավարի ՀՀ կառավարության և ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչներից բաղկացած հոգաբարձուների խորհուրդը, գործադիր տնօրենը:
«Պարոն Ջավադյանը լավ տրամադրություն ունի: Ուրիշ հիմնադրամ չունե՞ք, Կենտրոնական բանկը կառավարի մի քանի տարի»,- կատակեց վարչապետ Կարեն Կարապետյանը: