Մասնագետները և պաշտոնյաները քննարկել են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնդիրները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի շրջանակներում նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնդիրներին առնչվող քննարկում` որոշումներ ընդունող պետական լիազոր մարմինների և պաշտոնատար անձանց մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի անունից ողջույնի խոսքով հանդես է եկել փոխնախարար Խաչիկ Հակոբյանը:
Կարևորելով Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանման և վերականգնման հարցերը` ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալը նշել է. «Ուզում եմ հատուկ անդրադառնալ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրին, որի նպատակն է՝ գիտական, տեխնոլոգիական, նորարարական նախաձեռնությունների և շահագրգիռ կողմերի հետ համագործակցության միջոցով աջակցել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը և ջրօգտագործողների կողմից առաջադեմ փորձի կիրառմանը», և հավելել, որ ջրային ռեսուրսների պահպանության, խելամիտ օգտագործման ոլորտում ձեռք բերված արդյունքների զարգացումը, հետագա համագործակցության շարունակականությունը և ամրապնդումը պահանջում են կառուցողական, հասցեական և համակարգված միասնական մոտեցումների կիրառում:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիզերը իր ելույթում կարևորել է այն միջոցները, որոնք կնպաստեն Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների պաշարների վերականգնմանը և կայուն կառավարմանը:
Միջոցառման բանախոսները ներկայացրել են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման ներկա վիճակի և հեռանկարների վերաբերյալ ուսումնասիրությունների վերլուծություններ, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման տնտեսական գործիքների կիրառման վերաբերյալ առաջարկություններ: