Բաժիններ՝

Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Արաբական Միացյալ Էմիրություններ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի, եկեղեցուն կից գործող «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարան, շեյխ Զայեդ Մեծ մզկիթ և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն: 1_640x421

Աբու Դաբիում հայկական եկեղեցու կառուցման համար 2006թ. հողատարածք է նվիրաբերել Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը: Նորակառույց եկեղեցին օծվել է 2014թ. դեկտեմբերի 12-ին, նույն օրը հիմնադրվել է նաև Աբու Դաբիի Ազգային առաջնորդարանը: 2016թ. մայիսից եկեղեցուն կից գործում է «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարանը, որտեղ այժմ ուսանում է 36 աշակերտ: Եկեղեցու բակում տեղադրված է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքար:

Նախագահ Սերժ Սարգսյանը Սրբոց Նահատակաց եկեղեցի այցի ժամանակ ծաղիկներ է դրել խաչքարին և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Եկեղեցում տեղի ունեցած գոհաբանական աղոթքից հետո Հանրապետության Նախագահը ելույթ է ունեցել, որում անդրադարձել է եկեղեցու նշանակությանը մեր ժողովրդի ինքնության պահպանման ու հարատևության գործում: Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների իշխող ընտանիքին՝ ի դեմս Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանիի, ով հնարավոր դարձրեց հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու շինարարությունը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Արաբական աշխարհի սրտում կանգնեցված այս եկեղեցին, միջկրոնական հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի ու համակրանքի խոսուն վկան է, որ բարեբեր հող է ստեղծում նաև տարբեր կրոնների ներկայացուցիչների խաղաղ համակեցության համար: Ազգային առաջնորդարանում Հանրապետության Նախագահը կարճատև հանդիպում է ունեցել համայնքային և եկեղեցական գործիչների հետ:2_640x419

ԱՄԷ հիմնադիր Նախագահ շեյխ Զայեդի անվան Մեծ մզկիթ այցելության ժամանակ ՀՀ Նախագահը մզկիթում գտնվող դամբարանում հարգանքի տուրք է մատուցել շեյխ Զայեդ բին Սուլթան ալ Նահյանի հիշատակին և գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրքում: «Անգնահատելի է Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր Նախագահ շեյխ Զայեդ բին Սուլթան ալ Նահյանի դերն այս հիասքանչ երկրի կայացման ու բարգավաճման գործում: 3_640x419 4_640x420

Նրա կառավարման օրոք հիմք դրվեց հայ-էմիրաթական միջպետական բարձր մակարդակի համագործակցությանը, որի համար հայտնում եմ հայ ժողովրդի և անձամբ իմ երախտագիտությունը»,-գրել է Նախագահ Սարգսյանը:  5_640x419

Այցելության ավարտին տեղի է ունեցել նվերների փոխանակման արարողություն: 6_640x420

ԱՄԷ պաշտոնական այցի առաջին օրվա ավարտին Հանրապետության Նախագահն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:  7_640x419

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս