«Դրսում Հրանուշ Հակոբյանը կդառնա համայն սփյուռքի նախագահ, դուք էլ ներսում կդառնաք թոշակառուների նախարար ու միակ նախարար». Արամ Մանուկյանը` Արտեմ Ասատրյանին
Հայաստանում աշխատողների թիվը շարունակաբար պակասում է, իսկ կենսաթոշակառուներինը` մեծանում: Ինչպես այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, 1 եկամուտ բերողին 7 թիրախ է բաժին ընկնում, և աշխատողը պետք է թե՛ ինքը կերակրվի, թե՛ նրանց կերակրի:
Ըստ նրա` սոցիալական ոլորտի կողմից սպասարկվող մասը մոտ 700 հազար մարդ է, և նրանց թիվը հասարակության մեջ տոկոսային ավելանում է արտագաղթի հաշվին:
«Արտագաղթում է եկամուտ ապահովող, աշխատող մասը, մնում է այն մասը, որ ձեր դաշտում է: Դրսում Հրանուշն է Հակոբյան, ինքը դառնալու է համայն սփյուռքի նախագահ, դուք էլ ներսում կդառնաք թոշակառուների նախարար ու միակ նախարար: Այս միջոցառումները շատ լավ են, բայց առանց ռադիկալ փոփոխությունների՝ այստեղ պայթյուն է սպասվում»,- ասաց Ա.Մանուկյանը` դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արամ Մանուկյանին:
Ըստ նրա` Հայաստանն անցել է դեմոգրաֆիկ խնդիրներ ունեցող երկրների ամենածանր խումբ, որ ունի 1/3 աղքատություն: Նա հարցադրում արեց, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու այս աղետի դեմն առնելու համար:
«Աղքատության, գործազրկության կրճատումը, սոցիալական բեռի թեթևացման խնդիրների լուծումը տնտեսության աճն է, ակտիվությունը, գործարար միջավայրի բարելավումը և բարիք ստեղծող բոլոր մարդկանց համար պայմանները, որպեսզի առավելագույն բարիք ստեղծվի երկրում, որը սոցիալական պաշտպանության համակարգի միջոցով վերաբաշխվի արդար, ճիշտ»,- պատասխանեց Արտեմ Ասատրյանը:
Նա հորդորեց տարանջատել այս երկու խնդիրները: Ըստ նախարարի` կառավարության ամբողջ ծրագիրը վերաբերում է մատնանշված խնդիրների լուծմանը: