«Ծառուկյանն առաջիկայում էլ ավելի մեծ կոնսոլիդացիա կարող է իրականացնել». Վահե Էնֆիաջյան

Գագիկ Ծառուկյանը նորից կղեկավարի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, եթե վերադառնա քաղաքականություն: Այս մասին այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

«Գագիկ Ծառուկյանը հիմա էլ քաղաքականության մեջ է, ԱԺ պատգամավոր է»,- ասաց նա` հավելելով, որ վերջին 1-2 տարվա ընթացքում տարբեր քաղաքական ուժեր ձևավորվեցին և հայտ ներկայացրեցին մրցկացելու և պայքարելու, սակայն, ինչքան էլ փորձում են ամբիցիոզ և կարող ներկայանալ, ՏԻՄ ընտրություններից հետո պատկերն այլ է:

Վ.Էնֆիաջյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանն այն բացառիկ անձն է, որի շուրջ տեղի ունեցավ կոնսոլիդացիան և առաջիկայում էլ ավելի մեծ կոնսոլիդացիա կարող է իրականացնել:

168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Գագիկ Ծառուկյանի պատգամավորական գործունեությունը, Վ.Էնֆիաջյանը պատասխանեց, որ ոչ միայն օրինաստեղծ գործունեությունն է, այլ ազգի, ժողովրդի կողքին լինելը, սատարելը: Նա կոչ արեց «մի բան էլ հասկանալ», որ ԲՀԿ խմբակցությունը երկար տարիներ ղեկավարել է անձամբ Գագիկ Ծառուկյանը. «Ձեզ ո՞նց է թվում` այդ օրինաստեղծ աշխատանքը, որ եղել է, հարցերը, հարցապնդումները, որ հնչել են, Գագիկ Ծառուկյանն անմա՞սն է եղել: Ո՛չ: միշտ էլ ինքն է վարել խմբակցության նիստերը, քաղաքական կուրսը ինքն է ղեկավարել»:

Միաժամանակ Վ.Էնֆիաջյանը հայտարարեց, որ ԱԺ-ից բացակայությունների համար Ծառուկյանի աշխատավարձից պահումներ են արվել:

Վ.Էնֆիաջյանի կարծիքով` ԲՀԿ-ն այսօր ամենաուժեղ քաղաքական միավորներից մեկն է, ՏԻՄ ընտրությունների պատկերն ապացուցեց դա:

Տեսանյութեր

Լրահոս