Ազգային ժողովում հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ հոկտեմբերի 27-ը Հայաստանի անկախության պատմության ամենամեծ ոճիրն է, ահաբեկչություն, որին զոհ գնացին պետության երևելի դեմքեր՝ սպարապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը և այլք:
«Մեզ համար դա կրկնակի ցավ էր, որովհետև մենք կորցրեցինք մեր կուսակցության առաջնորդին՝ սպարապետ Վազգենին: Հանցագործները, այդ ոճիրն իրականացնողները ձերբակալված են: Մնացած առումներով ոչինչ չեմ կարող ասել, որովհետև չեմ տիրապետում ամբողջական տեղեկատվության: Փաստն այն է, որ ոճրագործ Հունանյանն իր դաշնակիցներով գտնվում է ազատազրկման վայրում»,- ասաց Է. Շարմազանովը:
Ըստ նրա` Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանն անփոխարինելի էին, և, եթե նրանք մնային ու շարունակեին իրենց գործունեությունը, երկիրը հիմա շատ ավելի լավ վիճակում կգտնվեր:
Ոճրագործության բացահայտման խնդրին անդրադարձավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` նշելով, որ դա հուշում է այն մասին, որ այդ ժամանակվա իշխանությունները որոշակի շահագրգռություն են ունեցել, որպեսզի ճշմարտությունը չբացահայտվի:
«Ճշմարտության չբացահայտման հարցում ես գործող իշխանության մեղքն էլ եմ տեսնում»,- ասաց նա: