 
                        «Էքսպո-Ռուսաստան, Հայաստան և Իրան». Ծառուկյանը հանդես կգա հայտարարությամբ
 
                                    Այսօր «Երևան Էքսպո» կենտրոնում բացվել է «Էքսպո-Ռուսաստան, Հայաստան և Իրան» միջազգային ցուցահանդեսը: Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը հայտարարեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը սկսել են ակտիվորեն զարգացնել հարաբերություններն Իրանի հետ:
«Մեր երկրների միջև զարգացած է առևտրաշրջանառությունը, բայց կա դեռ մեծ պոտենցիալ, և պետք է քայլեր ձեռնարկենք այն լիարժեք օգտագործելու համար»,- ասաց դեսպանը:

Ցուցահանդեսի կարմիր ժապավենը կտրեցին դեսպան Վոլինկինը, «Մուլտի գրուպ կոնցեռնի» հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, «Էքսպո-Ռուսաստան, Հայաստան և Իրան» միջազգային ցուցահանդեսի կազմկոմիտեի նախագահ Դավիթ Վարդանովը:

Այս պահին Գագիկ Ծառուկյանը, Իվան Վոլինկինը և մյուս հյուրերը շրջում են տաղավարներով, որտեղ ներկայացված են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի տարբեր ոլորտների` էներգետիկայի, մեքենաշինության, շինարարության, տրանսպորտի, և այլն, ընկերությունների արտադրանքը:

Սպասվում է, որ հենց այս ցուցահանդեսի վերջում Գագիկ Ծառուկյանը հանդես կգա հայտարարությամբ` քաղաքականություն վերադառնալու մասին:

 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        