Համաներման սպասումով. ո՞րն է Սերժ Սարգսյանի քաղաքական մոտիվացիան

Սպասվում էր, որ սեպտեմբերի 21-ին ընդառաջ՝ Անկախության 25-ամյակի կապակցությամբ, Սերժ Սարգսյանը կհայտարարի համաներում: Հատկապես «Սասնա ծռեր» խմբի անդամների ձերբակալությունների ֆոնին այդ հարցը լրջորեն քննարկվում էր հանրության կողմից և մասնագիտական շրջանակներում: Անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն պաշտոնական աղբյուրները համաներման մասին համառորեն լռում են:

168.am-ի տեղեկություններով` Սերժ Սարգսյանը դեռ մի քիչ էլ կսպասի և համաներման մասին առաջարկն Ազգային ժողով կուղարկի այս տարեվերջին: Դա կմատուցվի՝ որպես «ամանորյա նվեր», «բարի կամքի» դրսևորում, սակայն բուն նպատակը կլինի խորհրդարանական ընտրություններից առաջ անհրաժեշտ մարդկանց անհրաժեշտ տեղերում «նշանակելը», հրահանգավորելը, որպեսզի ընտրություններն անցնեն հարթ, առանց բարդությունների, ինչպես ավանդույթ է արդեն դարձել, «նախորդից մի քայլ առաջ» սկզբունքով, և ապահովեն ցանկալի արդյունք:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ամեն կերպ փորձեց խուսափել մեր հարցից, թե արդյոք ՀՀԿ-ն քննարկելո՞ւ է համաներման հարցը: Նա բավարարվեց շատ հակիրճ պատասխանով. «Համաներման հարցը մենք չենք քննարկել: Դա նախագահի լիազորությունների մեջ է մտնում, և նախագահն ինքը պետք է որոշի»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով` Հայաստանի Հանրապետության ստեղծման 25-ամյակը լավ առիթ էր համաներում հայտարարելու համար, բայց դա կարող է անել միայն այսօրվա իշխանությունը: Թե ի՞նչն է խնդիրը, որ մինչ օրս չի հայտարարվել համաներում, Լ. Զուրաբյանը պատասխանեց.

«Ես չգիտեմ՝ ի՞նչն է այսօր իրենց շարժառիթը, ավելին` ես չգիտեմ՝ իսկապես որոշե՞լ են անել, թե՞ ոչ: Մենք որևէ տեղեկություն չունենք այդ ուղղությամբ, իսկ ես չեմ սիրում անել շահարկումներ և վերլուծություններ այն թեմաներից, որոնցից բավարար տեղեկություն չունեմ»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում միանշանակ հայտարարեց, որ համաներման անհրաժեշտություն կա:

«Ես այն մարդկանց թվին եմ պատկանում, որ գտնում է, որ հանցագործների տեղը բանտն է: Բայց մենք պետք է հասկանանք, որ, եթե համաներման ինստիտուտը կա, կա դրա անհրաժեշտությունը, կան մարդիկ, ովքեր իրենց արարքի համար զղջացել են: Խոսքը չի վերաբերում սպանություն կամ այլ ծանր հանցագործություններ կատարածներին, որոնց վրա դա չի տարածվելու: Ամեն դեպքում կա ազատազրկվածների մի խումբ, որոնց օդի պես անհրաժեշտ է համաներումը, որովհետև մենք ամեն օր դատապարտյալներից նամակներ ենք ստանում, և հստակ է, որոշ դեպքերում արդար դատական վճռի խնդիր է եղել: Անգամ այդ դեպքում շատերն իրենց պատժաչափի մեծ մասը նստել են, և կա համաներման խնդիր»:

Թե ինչո՞ւ չի հայտարարվում համաներում, Ն.Զոհրաբյանը դժվարացավ ասել: Անդրադառնալով «Սասնա ծռերի» գործոնին` նա նշեց, որ չի ցանկանում այստեղ քաղաքական մոտիվացիա տեսնել. «Եթե դա է պատճառը, դա վատ է, բայց ես կարծում եմ, որ միգուցե 1-2 ամսում մենք դեռ համաներման նախագիծ կստանանք»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում միայն 3 անգամ է համաներում հայտարարել` 2009թ.-ին, 2011թ.-ին և 2013թ.-ին: Սա, թերևս, կլինի համաներում հայտարարելու նրա վերջին հնարավորությունը: Մինչ այժմ նախագահի առաջարկով համաներում հայտարարելու որոշում ընդունել է Ազգային ժողովը: Սահմանադրական փոփոխություններով այսուհետ կառավարությունն է հանդես գալու համաներման առաջարկով, իսկ ԱԺ-ն ընդունելու է համաներման մասին օրենք:

Տեսանյութեր

Լրահոս