Բաժիններ՝

Արցախում աշխատանքն է շարունակում Լրագրողների 8-­րդ համահայկական համաժողովը

ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում անցկացվել են Լրագրողների 8-­րդ համահայկական համաժողովի հինգերորդ և վեցերորդ նիստերը: «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով համաժողովի աշխատանքները Արցախում շարունակվել են «Հայկական սփյուռքի զորակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին» և «Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտպանության համակարգի հետ կապված խնդիրների լուսաբանումը ԶԼՄ­-ում» թեմատիկ ուղղություններով:

«Ազդակ» օրաթերթի տնօրեն­գլխավոր խմբագիր, հայ լրագրողների համաժողովները համակարգող խորհրդի նախագահ Շահան Գանտահարյանը նշել է, որ համաժողովին մասնակցում են 31 երկրից. 90 մասնակից սփյուռքից, 34-­ը` Արցախից ու Հայաստանից:

Ներկայացված զեկույցներից հետո ծավալվել են քննարկումներ. դրանք ուղղված էին Արցախում, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում առկա խնդիրների լուծումը լրատվամիջոցների միջև համագործակցության միջոցով խթանելուն:

Նիստերի ընթացքում ցուցադրվել է հեռուստալրագրող Նաիրի Հոխիկյանի «Արևը ցեխով չես ծածկի» փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է 1915 թվականի Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործած ոճրագործության և Թուրքիայում ազգային ինքնությունը պահպանած ավելի քան 4.5 մլն հայերի մասին:

«Արցախպրես»­ի թղթակցի հետ զրույցում Արցախի լրագրողների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը հույս է հայտնել, որ լրագրողների 8-­րդ համահայկական համաժողովը Արցախում անցկացնելը հետագայում լուրջ ակնկալիքներ է թելադրելու:

«Համահայկական համաժողովը համագործակցության լայն դաշտ է բացում Հայաստանի, Արցախի և Սփյուռքի լրատվամիջոցների միջև: Սփյուռքում ապրող մեր գործընկերներին հնարավորություն է տրվում ավելի մոտիկից ծանոթանալու Արցախի հիմնախնդրի հետ և ճիշտ ներկայացնելով մատուցել այդ խնդիրը: Այն մարտահրավերները, որոնք կանգնած են մեր առջև, ենթադրում են նաև քարոզչական ճակատ, և այդ ճակատի մարտիկները պետք է լինեն նաև լրագրողները: Պարզապես, պետք է ստեղծել լրագրողական ակտիվություն, նոր ծանոթություններ ու շփումներ, որպեսզի մեդիադաշտը լինի ավելի հավաստի, հստակ, բովանդակալից ու ճշգրիտ»,­- ասել է Կ. Գաբրիելյանը:

Համահայկական համաժողովի մասնակիցները նիստերից հետո այցելելու են նաև Արցախի առաջնագիծ՝ մոտիկից ծանոթանալու մեր դիրքապահների առօրյային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս