«Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Էնվեր փաշան հայերին կյանքով էր պարտական». Թաներ Աքչամ

Հայտնի թուրք պատմաբան, ամերիկաբնակ Թաներ Աքչամը թուրքական Т24 պարբերականին տված հարցազրույցում պատմել է այն մասին, թե ինչպես է 1915թ. օսմանյան բանակի շարքերում ծառայող հայ զինվորը փրկել Էնվեր փաշայի՝ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի կյանքը:

Զինվորը փրկել է Էնվերի կյանքը Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածներն իրականացնելուց մի քանի ամիս առաջ, հայտարարել է Թաներ Աքչամը: Այս մասին տեղեկացնում է Rusarminfo-ն:

«Սարիղամիշի մոտ տեղի ունեցած ճակամատարտի ժամանակ (1914 դեկտեմբեր-1915թ. հունվար) Էնվեր փաշան ծանր վիրավորվում է, սակայն ողջ է մնում հայ զինվորի շնորհիվ, որը փաշային մի քանի կիլոմետր շալակած հասցնում է մինչև մոտակա հոսպիտալը, որտեղ նրան ցուցաբերել են անհրաժեշտ բժշկական օգնությունը:

Իր կյանքը փրկելու համար, որպես երախտագիտության նշան, Էնվեր փաշան նամակ է գրում հայոց պատրիարքին, որը տպագրվել է օսմանյան թերթերից մեկում 1916թ.»,- Թաներ Աքչամի խոսքերը մեջբերում է թուրքական պարբերականը:

Էնվերը Թալեաթի և Ջեմալի հետ եղել է հայերի, հույների ու ասորիների ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը Օսմանյան կայսրությունում:

Երիտթուրքերի ռեժիմի կործանումից հետո Էնվերը փախել է Գերմանիա, 1919թ. հեռակա կարգով մահվան է դատապարտվել օսմանյան նոր իշխանությունների կողմից։
1921թ. անցել է Միջին Ասիա, որտեղ գլխավորել է բասմաչների գործողությունները։

Սպանվել է խորհրդային զորքերի հետ բախումներից մեկի ժամանակ 40-ամյա տարիքում՝ արցախցի ռազմիկ Հակոբ Մելքումյանի կողմից։

Տեսանյութեր

Լրահոս