Հրադադարի պահպանումը շատ կարևոր բաղադրիչ է խաղաղ բանակցությունների համար. ԵՄ հատուկ ներկայացուցիչ
Եվրամիությունը և միջազգային այլ կազմակերպություններ հուսով են, որ ապրիլյան դեպքերից հետո ղարաբաղաադրբեջանական շփման գծում հրադադարը կպահպանվի: Այս մասին Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը:
«Դժբախտաբար, հրադադարը կոպտորեն խախտվեց, և, կարծում եմ, որ հնարավորություն կլինի կանխել ապրիլյան դեպքերի հնարավոր կրկնությունը, քանի որ հրադադարի պահպանումը շատ կարևոր բաղադրիչ է խաղաղ բանակցությունների համար:
Ես հուսով եմ, որ ապրիլյան դեպքերը չեն կրկնվի»,- ասաց Հերբեր Զալբերը: Ինչ վերաբերում է ղարաբաղա ադրբեջանական շփման գծում վերջին դիվերսիոն փորձին, ապա Հերբեր Զալբերը նշեց, որ տարբեր աղբյուներից որոշ չափով տեղյակ է դրա մասին, սակայն դիրքորոշում հայտնելու համար անհրաժեշտ է ունենալ ավելի շատ տեղեկատվություն:
Անդրադառնալով Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ հանդիպմանը` Հերբեր Զալբերը նշեց, որ քննարկել են տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր, հակամարտության վերաբերյալ սեղանին դրված առաջարկները, մտքեր են փոխանակել մի քանի այլ արդիական հարցերի վերաբերյալ: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ հանդիպումը չի անցկացվում Ստեփանակերտում:
«Ես չեմ մոռանում Լեռնային Ղարաբաղ այցելելու ծրագրի մասին: Դա, իհարկե, իմ ցանկությունն է: Միակ հարցը, որ ես պետք է հաշվի առնեմ, դա այն է, որ այդպիսի քայլերի համար ես, որպես ԵՄ հատուկ ներկայացուցիչ, պետք է ճշգրիտ պատկերացում ունենամ բոլոր ներգրավված կողմերի մասին»,ասաց Հերբերտ Զալբերը: