ԸՕ-ի շուրջ համաձայնության գալ դեռևս չի հաջողվել. քննարկումները կշարունակվեն
Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի աշխատասենյակում խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում էր կազմակերպվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և լրացումների նախագծի խնդրահարույց դրույթի շուրջ, մասնավորապես` քրեականացվում է ուրիշի փոխարեն քվեարկելու մասին կեղծ հաղորդում տալը:
Սակայն քնննարկման ընթացքում չի հաջողվել խնդրի լուծման շուրջ համաձայնության գալ: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողներին ասաց, որ քննարկումները շարունակական կլինեն` մինչև համաձայնության գան. «Նպատակահարմար չեմ համարում մեր բանավեճի նրբությունների մեջ մտնել, որովհետև դա կարող է խանգարել պրոցեսին»:
168.am-ի հարցին, եթե համաձայնության չգաք, դե՞մ եք քվեարկելու ԸՕ հաջորդ ընթերցման ժամանակ, Լ.Զուրաբյանը նշեց, որ դեռ չեն քննարկել այդ հարցը խմբակցությունում: Նա հույս հայտնեց, որ այնուամենայնիվ կգան ընդհանուր հայտարարի:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով` ընդհանուր մոտեցումները նույնն են, որովհետև դրանք բխում են հուշագրից, յուրաքանչյուր խմբակցությունում կքննարկի, որոշում կկայացնի. «Ձևակերպումների խնդիր կար, կան մի քանի տարբերակներ, կարծես, ընդունելի են բոլոր խմբակցությունների համար, մնում է՝ ոչ միայն խմբակցության ղեկավարները որոշում կայացնեն, այլև խմբակցություններում քննարկեն և որոշում կայացնեն»:
Վ.Բաղդասարյանը մտահոգություն հայտնեց, որ մարդը կարող է սուտ ցուցմունք, հաղորդում տալ, զրպարտել. «Ինձ թվում է, որ պետք է այնպիսի կանխարգելիչ գործողություններ կատարվեն, որ մենք չվտանգենք ընտրությունները: Մենք այդ դրույթներն այնպես ենք ձևակերպում, որ մարդիկ լինեն ազատ»:
Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել էր, որ իրենք ոչ թե դեմ են նախկինում ձեռք բերված համաձայնությանը, այլ նախագծում դրա արտացոլմանը: Ըստ նրա` «սուտ մատնությունը» և «անզգույշ մեղքը» նույնականացվում են, ինչն անընդունելի է քրեական պրակտիկայում: