«ՊՆ պաշտոնում քաղաքացիական նշանակումը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով». Վահրամ Բաղդասարյան

«Սա հիմնականում սահմանադրական փոփոխությունների արդյունքում էր, որ համար մեկ զինվորականը դառնում է շտաբի պետը, բնականաբար, պատերազմական պայմաններում, և մեծ դերակատարում ունի խաղաղ պայմաններում: Նախարարը հիմնականում պետք է, հսկողությունը պահպանելով, զբաղվի այն բոլոր գործառույթներով, որ կապված չեն բանակի, այսինքն` անմիջապես ռազմական գործողությունների հետ: Այսինքն` նախարարը բանակով պետք է ավելի քիչ զբաղվի, և բանակով պետք է զբաղվի շտաբի պետը: Եվ այդ պայմաններում շտաբի պետի լիազորությունների ընդլայնման հետ կապված ավելի նպատակահարմար է՝ պաշտպանության նախարարը լինի քաղաքացիական անձնավորություն: Ես շատ ճիշտ եմ համարում դա»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` 168.am-ի խնդրանքով մեկնաբանելով  ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությունը, որ այսօր ճիշտ պահը չէր ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնում քաղաքացիական անձի նշանակելու համար:

Վ.Բաղդասարյանը մանրամասնեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զբաղվելու է պետական գնումներով, կազմակերպչական հարցերով, պաշտպանության հետ կապված քաղաքական խնդիրներով, և այլն:

Դիտարկմանը, որ նախքան այս նշանակումները լուրեր էին շրջանառվում, թե Վիգեն Սարգսյանը նշանակվելու է ՀՀ արտգործնախարարի պաշտոնում, և նա որպես շատ համար թեկնածու էր դիտարկվում, Վ.Բաղդասարյանը պատասխանեց.

«Այսօրվա արտգործնախարարը ճիշտ տեղում է, և մենք ունենք արձանագրած բավականին դրական արդյունքներ: ՊՆ նախարարի հետ կապված՝ մենք ևս որևէ բացասական բան չենք ասում, բայց իրավիճակից ելնելով՝ ավելի նպատակահարմար է, որպեսզի նախարարը լինի քաղաքացիական անձնավորություն»:

Տեսանյութեր

Լրահոս