Լևոն Զուրաբյանը հիասթափեցնում է միամիտներին

«Մինչև հիմա Հայաստանում գործել է համակարգ, երբ անգամ ընտրակաշառք բաժանելուց և ադմինիստրատիվ ճնշումներից հետո արդյունք չի եղել, և ընդդիմությանը հաջողվել է մոբիլիզացնել ժողովրդին և քաղաքականացնել պայքարը, իշխանությունը միացրել է ոսկե պաշարը` կես միլիոն կեղծիքներ, մատյաններում ուռճացված ցուցակների գործարկում, այսինքն` որևէ շանս չի եղել: Եթե ԸՕ-ի շուրջ պայմանավորվածություններն իրականացվեն, նշանակում է՝ այս կես միլիոն պաշարը խաղից դուրս է բերվում: Ընդդիմությանը մնում է մի խնդիր` քաղաքականացնել ընտրությունը, հասնել ժողովրդի բարձրագույն մոբիլիզացիայի, բացատրել, որ այս ընտրություններով է լուծվում երկրի ճակատագիրը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` հավաստիացնելով, որ այդ դեպքում ո՛չ ընտրակաշառքը, ո՛չ ադմինիստրատիվ լծակները չեն օգնի:

Ըստ նրա` գլխավոր խնդիրն ընտրությունները քաղաքական մակարդակի բարձրացնելն է: Լ.Զուրաբյանի խոսքով` ՏԻՄ ընտրությունները չեն ընկալվում՝ որպես իշխանափոխության հնարավորություն, իսկ խորհրդարանական համապետական ընտրությունները միակ հնարավորությունն է:

«Մեր բոլորի առաքելությունն է՝ բացատրել հանրությանը, որ սա ճակատագրական ընտրություններ են, որ Հայաստանը մնում է այս ճահճի մեջ` թալանի, կոռուպցիայի, ընտրակեղծիքնրի, կամ այդ ճահճից մի թռիչք է կատարում, դուրս է գալիս, և երկիրը գնում է զարգացման ուղղությամբ: Այս հարցը 2017թ. ապրիլի 2-ին լուծվելիք հարց է: Երբ ժողովուրդն այդ գիտակցումն ունենա, իսկ ես դա համարում եմ իրատեսական խնդիր, հավատացեք, իշխանությանը ո՛չ ընտրակաշառքն է օգնելու, ո՛չ ադմինիստրատիվ ռեսուրսը»,- ասաց Լ.Զուրաբյանը:

Նա չհամաձայնեց, որ ընդդիմությունը ջախջախված է մտնում նախընտրական փուլ: Զուրաբյանի կարծիքով` ընդդիմության միասնականությունը հավանական է, բայց այն չպետք է բարդացնի ընդդիմության վճռական և արդյունավետ գործելու կարողությունը: Նա նշեց, որ միասնականության հասնելու երկու տարբերակ կա` քաղաքական ուժերով միավորվել փոխընդունելի լուծումների շուրջ, մյուսը` ՀԱԿ-ը դառնա մի պլատֆորմ, որտեղ բոլոր քաղաքական, հասարակական նախաձեռնությունները կարողանան իրենց դրսևորել: Զուրաբյանը նշեց, որ այսօր որևէ բանակցություններ չկան, բայց ապագայում, կարծում է, շուտով կսկսվեն կոնսուլտացիաներ միասնական դաշինքի ստեղծման մասին, իսկ թե ում հետ, անիմաստ և անպատասխանատու է անուն տալ:

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ընտրական բարեփոխումները «թատերական» որակելուն` Լ. Զուրաբյանը նշեց, որ, եթե կան միամիտներ, ովքեր կարծում էին, որ ԸՕ համաձայնագիր ստորագրելով՝ իշխանություններն այսուհետ հրեշտակներ են լինելու, որոնց միակ նպատակն է լինելու Հայաստանում ազատ ու արդար ընտրություններ անցկացնելը, ստիպված է այդ միամիտներին հիասթափեցնել, քանի որ նման բան չի լինի, այդ համաձայնագրին իշխանությունները գնացել են ոչ թե՝ որովհետև հրեշտակներ են, այլ գնացել են, որովհետև եղել է լուրջ քաղաքական աշխատանք և ճնշումներ ընդդիմության, հասարակության, միջազգային հանրության կողմից:

Տեսանյութեր

Լրահոս