Իլ­-դե-­Ֆրանսն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին

Փարիզում՝ Իլ-­դե-­Ֆրանս ռեգիոնալ խորհրդի հանդիսությունների սրահում Հոկտեմբերի 5­-ին տեղի է ունեցել Հայաստանի անկախության 25­-ամյակին նվիրված ընդունելություն, որը կազմակերպվել էր Իլ-­դը-­Ֆրանս ռեգիոնալ խորհրդի և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի կողմից՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի պատվավոր ներկայությամբ:

Միջոցառմանը ներկա էին ֆրանսիացի մի շարք սենատորներ, պատգամավորներ, քաղաքապետեր, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ և հարյուրավոր այլ հյուրեր: Այս մասին Ազգային տոնի միջոցառումը մեկնարկեց ֆրանսահայ «Նավասարդ» համույթի կողմից մշակութային ծրագրով, որին հաջորդեցին ՀՀ անկախության 25-­ամյակին նվիրված ուղերձները: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Իլ-­դե-­Ֆրանս ռեգիոնալ խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը, շնորհավորելով ՀՀ անկախության 25­-ամյակը, նշեց, որ Հայաստանն իր ոգու արիության և հպարտության շնորհիվ է վերգտել իր անկախությունը: Տիկին Պեկրեսն իր խոսքում կիսվեց Հայաստան կատարած իր այցելություններից ջերմ հիշողություններով, ինչպես նաև շեշտեց Իլ­-դը-Ֆրանսի և Երևանի միջև գործող համագործակցության հետագա խթանման կարևորությունը:

Այնուհետև ելույթներ ունեցան Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը: Ուղերձների շարքը եզրափակեց միջոցառման նախաձեռնող՝ Իլ­-դե-­Ֆրանս ռեգիոնալ խորհրդի փոխնախագահ Պատրիկ Կարամը` իր անվերապահ աջակցությունը հայտնելով Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին: Մասնակիցներին ուղղված իր խոսքում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, շնորհակալություն հայտնելով Իլ­-դը-­Ֆրանսի ռեգիոնալ խորհրդին միջոցառման նախաձեռնության համար, մասնավորապես, նշեց.

«Հայ ժողովրդի հազարամյակների պատմությունն անկախության և ազատության համար պայքարի պատմություն է, և այդ պայքարը վերջապես քառորդ դար առաջ պսակվեց նորանկախ Հայաստանի ստեղծմամբ: 25 տարի առաջ հայ ժողովուրդը վերգտավ իր ինքնիշխանությունը՝ իրագործելով աշխարհասփյուռ հայության բազմաթիվ սերունդների դարավոր երազանքը: Հայաստանի անկախությունը բացարձակ և սուրբ արժեք է, որը միավորում է աշխարհի հայերին: Եվ անկախությունը վերգտնելով, հայ ժողովուրդը ստանձնել է ինքնուրույն ուժեղ և հպարտ Հայաստան կերտելու պատասխանատվությունը:

Պատասխանատվություն, որը մենք կրում ենք հպարտությամբ», – եզրափակեց իր ուղերձը դեսպան Չիտեչյանը:

Ընդգծելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման հարցերում Ֆրանսիայի նշանակալի ներդրումը՝ ՀՀ դեսպանն իր երախտիքի խոստքն ուղղեց ֆրանսահայերին՝ Հայոց նորանկախ պետականության առաջին իսկ օրերից ցուցաբերած աջակցության համար»:

Տեսանյութեր

Լրահոս