ՀՎԿ-ն քվեարկելու է այնպես, ինչպես հայտարարել է. Շահգելդյան
«Տեսնում ենք հնարավորություն` համախմբելու ընդդիմադիր դաշտը, որ միասնականացման արդյունքում ընդդիմությունը կարող է կառավարման լծակներ ստանալ և իրավիճակը փոխել»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելյանը` նշելով, որ ընթանում են բանակցություններ:
Նրա խոսքով` այսօր Հայկական վերածնունդը հայտարարել է, որ աջակցում է «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանին:
Հարցին, թե ի՞նչ երաշխիք, որ ՕԵԿ-ը 2008 թվականի նման չի խաբի հանրությանը, Մ.Շահգելդյանը պատասխանեց, թե դա մոլորություն է, որովհետև 2008-ի իրենց դիրքորոշումները բազմիցս ներկայացրել են, հասարակությունն ըմբռնումով է մոտենում, իսկ ներկայումս իրենց մոտեցումները ֆիքսել են, համախմբման գործընթացի մեջ են Գյումրիում, ՀՎԿ-ն լուրջ հաջողություններ է արձանագրել ՏԻՄ ընտրություններում` ավելացրել է իր գյուղապետերի, ավագանիների անդամների քանակը, արդյունքում` ՀՎԿ-ն երկրորդ դիրքերում է:
Անդրադառնալով Արկադի Փելեշյանի գործին` Մ.Շահգելյանը հայտարարեց, թե դաժան ծեծի գործ չկա, նա հեղինակավոր մարդ է Վանաձորում, մարդիկ սիրում են Արկադի Փելեշյանին, որովհետև մշտապես կանգնել է աղքատ խավի կողքին, իսկ այն, ինչ ներկայացվում է մամուլով, պարզ դարձավ, որ բազմաթիվ երևույթներ չեն համապատասխանում իրականությանը, նաև պարզվեց, որ տուժողը չի հոսպիտալացվել, քննությունը օբյեկտիվորեն ամեն ինչ կպարզի:
Մ.Շահգելդյանը վստահեցրեց, որ ՀՎԿ-ն քվեարկելու է այնպես, ինչպես հայտարարել է: