Բաժիններ՝

«Ես արդեն գիտեմ աշխատակիցներին՝ անուն առ անուն». Կոնստանտին Օրբելյանը՝ քառամսյա պաշտոնավարման գլխավոր ձեռքբերումների մասին

Հոկտեմբերի 8-ին նախատեսվող ելույթն Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում Կոնստանտին Օրբելյանի նշանակվելուց հետո առաջինն է լինելու՝ Հայաստանի գլխավոր թատրոնի բեմում, և հանդիսատեսի համար նշանավորվելու է մի շարք այլ անակնկալներով ևս:

Հավանաբար տեղյակ լինելով վերջերս մամուլում շրջանառվող այն քննադատություններին, որ նորանշանակ գեղարվեստական ղեկավարը նշանակման օրից ի վեր աշխատանքի ներկայացել է հաշված անգամներ, Օպերային թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը հարկ համարեց նախապես անդրադառնալ այս թեմային.

«Մեր առաջարկը Մաեստրո Օրբելյանին՝ անակնկալի էր բերել նրան, որովհետև ինքը, բնականաբար, ուներ իր ստեղծագործական ծրագրերը: 2016 թվականի ծրագրերի հետ կապված՝ մեր պայմանավորվածությունը եղել է՝ մոտակա ժամանակաշրջանում նա աշխատելու է համատեղել երկու երկրներում իր աշխատանքային գրաֆիկը: Ուզում եմ տեղեկացնել, որ Օպերային թատրոն ընդունվելու օրվանից ի վեր աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են եղել, հատկապես, որ մաեստրոն հստակ գիտեր՝ ով ինչպես է երգում, կամ ով ինչ կարող է անել»:

168.am-ի հարցին՝ արդյո՞ք հեռավորությունը, այնուամենայնիվ, տալիս է լիարժեք հնարավորություն գեղարվեստական ղեկավարին՝ իրականացնելու նախանշած ծրագրերն ըստ էության, Անդրանիկ Արզումանյանը պատասխանեց.

«Նա հստակ պատկերացում ունի՝ ինչ է կատարվում թատրոնում: Հիմա գիտե՞ք ինչ՝ ժամանակակից տեխնիկան թույլ է տալիս մարդու հետ դիստանցիոն աշխատվի, վերջիվերջո, 21-րդ դարն է, բացի այդ, պարոն Օրբելյանը շատ քիչ է բացակայել այստեղից: Կամաց-կամաց ինքն իր գրաֆիկն այնպես է սարքում, որ, բնականաբար, շատ ժամանակ կլինի այստեղ: Մաեստրոն ունի այստեղ տուն, այնպես որ, նրա համար այստեղ ժամանելը մեծ խնդիր չէ, բայց էլի եմ կրկնում՝ ստեղծագործող մարդու համար, և դա մեր ուրախությունն է, և մենք գտնում ենք, որ դա ճիշտ է՝ նա պետք է աշխարհի տարբեր բեմերում հանդես գա, էլի մեր անունը բարձր պահելու համար»:

Անդրադառնալով և լրացնելով թեման՝ ամփոփելով քառամսյա պաշտոնավարման գլխավոր ձեռքբերումները, Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը կեսկատակ-կեսլուրջ ասում է.

«Ես արդեն գիտեմ աշխատակիցներին՝ անուն առ անուն: Երբ հանդիպում ես այսքան մեծ կոլեկտիվի՝ մոտավորապես 600 մարդ, նրանցից ամեն մեկի անունը հատ առ հատ իմանալն արդեն մեծ բան է: Ես անկասկած հետաքրքրված եմ ծանոթանալու երաժիշտներին, նրանց ձայներին ու հնարավորություններին: Կփորձենք լուծումներ գտնել մի շարք կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ խաղացանկային ներկայացումները, երիտասարդ կատարողների հարցը, որպեսզի սերնդափոխությունը ճիշտ ընթացք ունենա, և նրանց հետաքրքիր լինի՝ շարունակելու իրենց աշխատանքն այս թատրոնում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս