Բունդեսթագի պատգամավորը Սերժ Սարգսյանին է հանձնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների դրույթների համաձայն 2008թ. ձուլված 29 բրոնզե աղավնիներից մեկը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են նաև «Կարդինալ Հյոֆների միության» ներկայացուցիչները:
ՀՀ Նախագահը հանդիպման սկզբում նախ շնորհավորել է հյուրերին Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ՝ մաղթելով բարեկամ Գերմանիային խաղաղություն և հետագա բարգավաճում:
Հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները: Նախագահը հաճույքով է հիշել նաև ս.թ. ապրիլին Գերմանիա կատարած իր այցը և փոխըմբռնման ու անմիջական մթնոլորտում կայացած հանդիպումները երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն Զինգհամմերի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցը առաջին քրիստոնյա երկիր կլինի արդյունավետ և լի անմոռանալի տպավորություններով, ինչը երկկողմ հարաբերությունների սերտացման ուղղությամբ ջանքերին ավելի մեծ հաստատակամություն կհաղորդի:
Համակարծիք լինելով, որ Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա՝ զրուցակիցներն այդ հարաբերությունների ամրապնդման ու խորացման գործում զգալիորեն կարևորել են միջխորհրդարանական համագործակցության զարգացումը: ՀՀ Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ վերջին ժամանակաշրջանում Բունդեսթագի խորհրդարանականները Հայաստանից բացի, այցելում են նաև Լեռնային Ղարաբաղ՝ տեղում անմիջականորեն ծանոթանալու ԼՂ հիմնախնդրին:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Գերմանիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում, որն արտահայտվեց երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձևով:
Անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ համագործակցությանը: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ հայ-գերմանական համագործակցությունը Հայաստանի համար կարևորվում է նաև Եվրամիության հետ հարաբերությունների համատեքստում՝ հաշվի առնելով Գերմանիայի ծանրակշիռ դերը ԵՄ կառույցներում և շնորհակալություն է հայտնել Արևելյան գործընկերության շրջանակներում մեր երկրին Գերմանիայի օժանդակության համար:
Զրուցակիցները երկուստեք կարևորել են միջպետական հարաբերություններում հատուկ տեղ զբաղեցնող գիտակրթական և մշակութային փոխգործակցությունը:
Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով Գերմանիայի կառավարության կողմից տարիներ շարունակ Հայաստանին տրամադրվող ֆինանսական և տեխնիկական աջակցությունը:
Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ չնայած Գերմանիան ու Հայաստանը չունեն ընդհանուր սահման, բայց կիսում են նույն արժեքները: Նրա խոսքով, գերմանացիներն աշխարհի առաջին քրիստոնեական պետության հետ հատուկ զգացումով են կապված, և պատմական ճշմարտությունը փաստող Հայոց ցեղասպանության բանաձևն էլ միտված է խաղաղությանը, քանի որ նրա համոզմամբ, ճշմարտությունը խաղաղության հասնելու համար կարևոր նախապայման է:
Զրուցակիցները հանդիպմանն անդրադարձել են նաև միջազգային արդի խնդիրներին և խաղաղությանն սպառնացող մարտահրավերներին:
Բունդեսթագի պատգամավոր Քրիստիան Հազեն ՀՀ Նախագահին է հանձնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների դրույթների համաձայն 2008թ. ձուլված 29 բրոնզե աղավնիներից մեկը: Աղավնին տրվում է այն քաղաքական, պետական գործիչներին, ովքեր պայքարում են խաղաղության և հատկապես կրոնական ազատությունների համար: