«Կարեն Կարապետյանի օրոք գողությունը բացառվում ա: Չեն մուծի` էն Սովետաշենի բերդն ինչի՞ համար ա». Սեյրան Սարոյան

«Կարեն Կարապետյանի օրոք մեկը կարա՞ գողություն անի: Բացառվում ա ըտենց բան: Որ նախարարը գողություն անի, Կարեն Կարապետյանն ալամ աշխարհով խայտառակ կանի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը` կոչ անելով սատարել նոր կառավարությանն ու վարչապետին:

Ըստ Ս.Սարոյանի` օլիգարխներն «ամենանորմալ» մարդիկ են ու չեն կարող չհամաձայնել գալ հարկային դաշտ:

«Հիմա արդեն գողցած փողերը ոչ մեկին պետք չեն, հիմա սաղ էլ ուզում են իրանց փողերը սպիտակացնեն, դզեն-փչեն, որ իրանց դա պետք ա, որ կարենան օգտագործեն: Կարեն Կարապետյանի համար նշանակություն չունի՝ դիմացն օլիգա՞րխ ա, թե՞ ուրիշ մարդ: Խելոք, սիրուն ձևով կբերեն փողերը՝ կմուծեն տեղը տեղին: Չեն մուծի` էն Սովետաշենի բերդն ինչի՞ համար ա»,- ասաց նա:

Նախկին նախարարներ Գագիկ Խաչատրյանն ու Գագիկ Բեգլարյանը, ըստ Ս.Սարոյանի, կաշառակեր չեն եղել, և դրա համար չեն նրանց պաշտոնանկ արել:

Ս. Սարոյանը լրագրողներին մեղադրեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կյանքն «ուտելու» մեջ, որի պատճառով էլ Խաչատրյանն ինֆարկտ տարավ, հազիվ փրկեցին: Ս. Սարոյանը հայտարարեց, թե Սուրիկ Խաչատրյանը չի փոխվելու և մնալու է Սյունիքի մարզպետի պաշտոնում:

Տեսանյութեր

Լրահոս