Նիկոլ Փաշինյանը զարմացել է ՏԻՄ ընտրությունների արդյունքներից
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը զարմացել է երեկ ՀՀ մի շարք համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներից: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում Ն.Փաշինյանը նշեց, որ դեռևս վաղ է գնահատական տալ ընտրություններին, պետք է արդյունքները վերլուծվեն ու դրանից պետք է հետևություններ արվեն:
«Ինձ ընդհանրապես զարմացրեց, որ ՀՀԿ-ն այս ընտրություններում Գյումրիում, Վանաձորում և Կապանում կարող էր հաղթել: Պետք է հետևություններ արվեն: Սա նշանակում է, որ ընդդիմադիր գործունեության ավանդական պատկերացումները պետք է վերանայվեն»,- ասաց Ն.Փաշինյանը:
Ըստ նրա` այս պահի դրությամբ լցոնումներրի և այլնի մասին պաշտոնական տեղեկություններ չկան, իսկ ընտրակաշառքի մասին խոսացողներին ինքն ասում է՝ բերեք մի հոգի, որը կկանգնի տեսախցիկների առաջ ու կասի այդ մասին.
«Եթե ես պետք է կանգնեմ տեսախցիկների առաջ ու անեմ հայտարարություն՝ չունենալով գոնե մեկ հոգու հավաստիացում, էդ ժանրի խոսակցությունն ինձ համար ընդունելի չէ: Ամենակարևոր հետևությունն այս ընտրություններից այն է, որ ՀՀ-ում անշահախնդիր քաղաքականությամբ հետաքրքրված մարդկանց տոկոսը չափազանց քիչ է: Այսինքն՝ եթե մարդը քաղաքականությամբ հետաքրքրված է, ուրեմն՝ ինքը շատ կոնկրետ խնդիր ունի լուծելու, ակնկալում է, որ իր աշխատանքի, ուսման վարձի, իր բիզնեսին տանիք լինելու հարցը կլուծվի: Այս տարիների ընթացքում սա դարձել է հստակ քաղաքական իրողություն:
Այսօր բոլոր արատավոր երևույթների թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է, բայց այս արձանագրումը բավարար չէ փոփոխությունների հասնելու համար: Դրա համար մենք պետք է անդրադառնանք նաև մեր գործունեությանը, ընդդիմադիր գործունեությանը, և ես վերջին երեք տարիներին զբաղված եմ դրանով»:
Ն.Փաշնիյանի կարծիքով` իրենք պետք է ինքնաքննադատաբար մոտենան իրենց, հասկանան ասելիքի ու հանրության արձագանքի ներքին կապերը, տրամաբանությունը, պատկերացնեն մարդկանց՝ որոշումներ կայացնելու պրոցեսը, առանց որի որևէ բանի հնարավոր չէ հասնել:
«Մի բան ակնհայտ է՝ այս ընտրություններում հաջողություն ունեցան այն քաղաքական ուժերը, ովքեր կարողացան ընտրողի հետ պայմանավորվել ուղղակի անձնապես, ոչ թե քարոզչության միջոցով: Ասենք՝ ասել են՝ այսինչ այսինչյան, դուք ձեր ընտանիքով կգաք քվեարկելու մեր օգտին, կարողացավ տեղափոխել մինչև ընտրատեղամաս, հաղթեցին: Հիմա, Հանրապետական կուսակցությունն ունի փող, ունի տրանսպորտ և վարչական ռեսուրսներ: Այն շփումները, որ ես ունեցել եմ Գյումրիում ու Վանաձորում, ինձ ստիպում են մտածել, որ մարդիկ ծայրահեղորեն ու կենսականորեն փոփոխությունների անհրաժեշտություն ունեն, բայց այն արդյունքները, որոնք արձանագրվել են ընտրական տեղամասերում, ինձ մոտ հարց են առաջացնում՝ արդյուք մարդիկ ուզո՞ւմ են ընդհանրապես փոփոխություններ: Կամ էլ` մեր մեջ է պրոբլեմը»,- ասաց Փաշինյանը: