Թրամփը կարող էր հարկեր չվճարել՝ սկսած 1995 թվականից. ԶԼՄ-ներ
ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը 1995 թվականին հայտարարագրել է գրեթե 1 միլիարդ դոլարի չափով վնաս:
Նման հաշվետվությունը նրան կարող էր թույլ տալ 18 տարի շարունակ խուսափել հարկեր վճարելուց, հայտնում է New York Times թերթը:
Պարբերականի տեղեկություններով, որի տրամադրության տակ է հայտնվել թեկնածուի հարկային հաշվետվությունը, Թրամփը մի շարք ֆինանսական վնասներ է կրել 1990-ականներին խաղատան անարդյունավետ կառավարման, ավիաբիզնեսում սեփական ուժերը փորձելու անհաջող փորձի, ինչպես նաև Նյու Յորքի Plaza հյուրանոցը ժամանակավրեպ ձեռք բերելու հետևանքով: Սակայն, ինչպես նշվում է, դա նրա համար կարող էր լինել ոչ միայն պարզապես վնաս, այլև բացառիկ հարկային արտոնություն:
Անձամբ Թրամփն այդ հարցի վերաբերյալ մեկնաբանություններից հրաժարվել է: Նրա նախընտրական քարոզարշավի աշխատակիցները հրապարակել են հայտարարություն, որտեղ ո՛չ հաստատել, ո՛չ հերքել են 1990-ականների կեսին Դոնալդ Թրամփի կրած զգալի վնասների փաստը:
«Պարոն Թրամփը բարձր որակավորում ունեցող գործարար է, որը պարտավորություն ունի իր գործի, ընտանիքի և իր աշխատակիցների հանդեպ՝ հարկեր վճարել այն չափով, որը չի գերազանցում օրենքով սահմանվածը»,- ասված է հայտարարության մեջ:
Միաժամանակ, Թրամփի փաստաբանը թերթին հայտնել է, որ նման հաշվետվության հրապարակումն անօրինական է, քանի որ իր հաճախորդը դրանք հրապարակելու թույլտվություն չի տվել: