ԵՄ-ն շահագրգիռ է Ադրբեջանի հետ հարաբերությունների ամրապնդմամբ. Մալենա Մարդ
Ադրբեջանի և Եվրամիության միջև գոյություն ունեն ամուր գործընկերային հարաբերություններ: Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը, երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:
Անդրադառնալով Ադրբեջանի Միլի մեջլիսի՝ Եվրախորհրդարանի հետ հարաբերությունների վերականգնմանը, Մարդն ասել է, որ ուրախ է, որ խորհրդարանը որոշում է կայացրել քննարկել «Եվրանեսթ» (ԵՄ «Արևելյան գործընկերության» խորհրդարանական վեհաժողով) վերադառնալու հարցը:
Դիվանագետը հավելել է, որ վերջերս Ադրբեջան այցելած եվրոպացի դիվանագետները բացահայտ կերպով հայտարարել են, որ շահագրգիռ են համագործակցել ադրբեջանցի գործընկերների հետ:
«ԵՄ-ն շահագրգիռ է Ադրբեջանի հետ հարաբերությունների ուժեղացմամբ։ Հուսով եմ, որ մոտ ժամանակներս այդ հարցերն իրենց արտացոլումը կգտնեն նաև օրենսդրական մակարդակում»,- ասել է Մարդը։
Նախօրեին Ադրբեջանի խորհրդարանը որոշում է կայացրել Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին, որոնք կասեցվել էին 1 տարի առաջ:
Մալենա Մարդը նաև նշել է, որ աստիճանաբար վերականգնվում է նաև Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ենթակոմիտեների գործունեությունը:
«Մենք շատ ուրախ ենք, որ կկարողանանք աշխատանքը շարունակել ենթահանձնաժողովների միջոցով, ցանկանում եմ ասել, որ հոկտեմբերի կեսին տեղի կունենա առաջին հանդիպումն այդ շրջանակներում: Կարծում եմ, որ դա հիմք է հանդիսանում մեր հարաբերությունների ամրապնդման համար»,- ասել է Մարդը:
Դինավագետը նշել է, որ ԵՄ-ն ցանկանում է շարունակել գործընկերային հարաբերություններն Ադրբեջանի հետ: